մորս հայրը,— ա՛ս իմս, ա՛ս քուկդ, նորեն եղբայր ու քույր, արյունը ջուր չի դառնար։
— Մաքուր հաշիվը աղեկ բան է, ասաց ուրիշ մի ազնվաշուք ազգական, ի՞նչ պետք կա տարիներ հետո կռվի և ծեծի, քանի որ հիմա ամեն բան մեջտեղն է, մեկ՝ քեզ, մեկ՝ անոր, մեկ՝ մյուսին, մեկ ըլ՝ մյուսին, խնդիրը կվերջանա։
Մայրս, եղբայրներս և քույրերս համաձայնվեցին և ժառանգի բաժանման գործը սկսվեց և ընթանում էր շատ խաղաղ, երբ հանկա՛րծ, հորաքույրս կախվեց մեջտեղում։
— Երեսուն տարի է ես այս տան մեջ կաշխատեմ, առանց ինձի չեք կրնար ասեղ մը իսկ բաժանել, հայտարարեց նա։
Մյուս առավոտ մենք լսեցինք, որ նախքան այդ հայտարարությունը, զարմանալի էր, որ մինչև այդ լռել էր, գնացել և փաստաբանների հետ խորհրդակցել էր, գտել էր մի քանի պնակալեզներ, որոնք պիտի ջանային մի բան կորզել մեզանից։
Մեծ եղբայրս նախ կանչեց իր մոտը հորաքրոջս և հորդորեց, որպեսղի այդ սիրուց հրաժարվի։
— Հրաժարվի՛ր այդ խելքից, ասաց եղբայրս, եթե ոչ քեզ ըլ կը ձգեմ փեսա Ջինջիլյանի օրին։
— Իմ արյանս իրավունքն է,— պատասխանեց հորաքույրս։
— Քու արյանդ մեջը… հարեց մեծ եղբայրս և կատաղեց։
Վե՛ր, վա՛ր,— հարևանները էլի հավաքվեցին։
— Կուզեմ, իմ բաժինս կուզեմ, իմ հարազատ եղբորս մալն է, ճչում էր պառավը։
— Դուն որ ասեղ մը առիր այս տեղեն՝ ըհը՛,— պատասխանում էր եղբայրս և հինգ մատներով բռնում բեխը և ցույց տալիս։
Առաջին անգամ լինելով՝ հորաքույրս չուշաթափվեց։ Վերջին գործն էր, որ մեզ հետ ունենում էր և ուշաթափվելով գործը գլուխ չէր գա։
Մի քանի օր հետո, ահավոր լացուկոծի մեջ, հորաքույրս դուրս էր գնում մեր տնից օրինական միջոցներով, և ծառաները դուրս էին բերում իր պատմական ընկույզե մեծ սնդուկը։