Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ֆանտաստիկ զրույցներ էին, որոնք բանավոր խոսքի միջոցով անցնում էին սերնդե սերունդ:

Եթե ամպրոպն է որոտում, նշանակում է երկնքում մոլեգնում է հզոր աստված Պերունը: Եթե փոթորկվում է ծովը, նշանակում է ինչ-որ բանից դժգոհ է խորախոր ծովերի աստվածը, մտածում էին հին սլավոնները: Նրանց պատկերացմամբ դաժան ձմեռ ուղարկում է նիհար ու ժլատ Կոշչեյը, իսկ ամառվա ջերմություն՝ արևի շռայլ ու առատաձեռն աստված Յարիլան:

Հին հայերի պատկերացմամբ Նոր տարվա առաջին բարիքներն ուղարկում է Ամանոր աստվածը, իսկ հյուրընկալության աստված Վանատուրը օթևան է տալիս Նոր տարվա տոնահանդեսների բազմաթիվ մասնակիցներին (հին հայկական տոմարով Նոր տարին սկսվում էր օգոստոսին): Եթե ընտանիքում իշխում են սերն ու համերաշխությունը, նշանակում է այդպես է կամենում ընտանեկան ողջախոհության աստվածուհի Նանեն, որին անվանում էին նաև Գերագույն մայր (այստեղից է ծագում մորը, տատին նանե կանչելու հայերի սովորույթը): Եթե մարդիկ գրել-կարդալ են սովորում, ապա դրանով պարտական են գրչության աստված Տիրին, որը նաև արվեստների ու գիտությունների հովանավորն էր և գուշակում էր մարդկանց բախտը:

Մարդու բնավորության հատկությունները ևս համարձակությունը, արիությունը, չարությունը, սերը մեր նախնիների երևակայության մեջ մարդկային (երբեմն նաև կենդանու կամ կես մարդ-կես գազանի) կերպարանք էին ընդունում։ Հին աշխարհի ժողովուրդները մտացածին հերոսների մասին իրենց պատմություններում արտացոլում էին հենց իրենց նիստուկացը, երազանքները, հույսերն ու նվիրական իղձերը: Առասպելներում մարդիկ ասում էին այն ամենը, ինչ մտածում էին չարի ու բարու, հերոսության ու վախկոտության, արդարության ու անհավատարմության մասին: Առասպելներ հորինում էին ոչ թե անհատ մարդիկ, այլ սերունդներ, ողջ ժողովուրդը: Դրանք լրացվում էին, ուղղվում, կրկնվում դարեդար: Եվ այդպես առասպելները տոգորվեցին խոր իմաստությամբ ու վեհասքանչ գեղեցկությամբ:

Ռուսական մի քանի հեքիաթներ, օրինակ, Բաբա Ցագայի և Անմահ Կոշչեյի, Պերուն և Խորս աստվածների, Տարիլայի և Մոկոշի մասին նույնպես կարելի է անվանել առասպելներ, որովհետև նրանցում արտացոլված են նախորդ սերունդների իրական աշխարհի երևույթները բացատրելու փորձերը:

Շատ գեղեցիկ առասպելներ են նաև հին հույների և հռոմեացիների ավանդությունները։

Գրադարանից վերցրեք Ն. Ա. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքը: Դուք այնտեղից կիմանաք միամիտ ու վեհանձն հսկա Հերակլեսի տասներկու սխրագործությունների մասին և շատ կսիրեք նրան։ Կիմանաք Յասոնի և իր հսկա ընկերների խիզախ ճանապարհորդության մասին դեպի Կողքիս (Կոլխիդա, Աբխազիա): Եվ վերջապես, դուք կկարդաք Հին Հունաստանի ամենավեհ ու ամենագեղեցիկ առասպելը Պրոմեթեոսի մասին:

Մի անգամ հին հույների ամենագլխավոր (գերագույն) աստվածը՝ Զևսը, զայրացավ մարդկանց վրա և վճռեց ոչնչացնել մարդկային ողջ ցեղը: Բայց հսկա Պրոմեթեոսը որոշեց օգնել մարդկանց և նրանց կրակ նվիրեց։ Նա աստվածներից փախցրեց կրակի մի կայծ և պարգևեց մարդկանց: Պրոմեթեոսը սովորեցրեց մարդկանց տուն կառուցել, նրանց նավակներին առագաստ հագցրեց։ Նա պատմեց մարդկանց, թե ինչպես կարելի է խոտաբույսերից դեղեր պատրաստել, ինչպես երկրի ընդերքից հանել ու օգտագործել մետաղները: Աստվածները զայրացան Պրոմեթեոսի վրա այն բանի համար, որ նա մարդկանց դարձրեց իմաստուն և ուժեղ և դաժանորեն պատժեցին նրան՝ հավերժ գամելով ժայռին: Պրոմեթեոսին սարսափելի տանջանքների էին ենթարկում։ Նրանից պահանջում էին զղջալ և երես թեքել մարդկանցից: Բայց նա այդպես էլ չհնազանդվեց:

Պրոմեթեոսի կերպարով մարդիկ մարմնավորել են իրենց լավագույն հատկությունները, իմաստությունը, տոկունությունը, անձնազոհությունն ու բարությունը:

Հայ ժողովուրդը ևս ունի իր առասպելները, որոնք ստեղծվել են հազարավոր տարիներ առաջ: Մեզանից հազար հինգ-հարյուր տարի առաջ պատմահայր Մովսես Խորենացին գրի է առել իր լսած «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արամ», Վահագն, Տորք Անգեղ առասպելները:

Մարդիկ միշտ էլ աստվածներին ստեղծում էին իրենց նման և իրենք էլ արտացոլվել են առասպելներում ինչպես