Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա երգիծական տաղանդը, ստեղծագործական ոճն ու խոսքի բացառիկ արվեստը: Խոսքի ներգործությունը կրկնապատկվում էր շնորհիվ հարուստ դիմախաղի ու մանավանդ, «մատների լեզվի»։ Ավետիսյանը կարողանում էր երբեմն անբառ բացահայտել կերպարի հոգեբանությունը։ Նրա ստեղծագործության գլուխգործոցներից էր նաև Սաղաթելը Ալ. Շիրվանգադեի «Պատվի համար» դրամայում։ 1962 թ. Ավետ Ավետիսյանը արժանացավ ՍՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: Իր ողջ կյանքում Ավետիսյանը մշտապես պահպանեց մանկան անմիջականությամբ զարմանալու թանկ ունակությունը: Այդ էր, որ հնարավորություն տվեց դերասանին իր կյանքի վերջին տարիներին կերտելու բացառիկ մի կերպար Անտոնիոն էդ դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» տրագիկոմեդիայում։ Իր արվեստին գրեթե անծանոթ գույների նոր համադրումով հերոսի ներքին դրաման դերասանը հանդիսատեսին էր հաղորդում ցնցող ուժով, մեծ արվեստագետին հատուկ ողբերգական շնչով: Մեծ է Ա. Ավետիսյանի ավանդը նաև հայկական կինոարվեստում: Սկսած 1925 թվականից մինչև 60-ական թվականների վերջը նա եղավ ու մնաց իբրև առաջնակարգ կինոդերասան: Անմոռանալի են նրա Հայրապետը` «Նամուս», Բազազ Արտեմը` «Գիքորը», Զիմզիմովը` «Պեպո», Սաղաթելը` «Պատվի համար» կինոնկարներում:

Ավետիսյան Հունան Մակիչի Զինվորական ստորաբաժանման առաջին վաշտի մարտիկները առավոտյան տողանի են կանգնած զորանոցի բակում։ Հնչում է վաշտի ավագի ձայնը, որն անվանականչ է անցկացնում։ -Սովետական Միության հերոս ավագ սերժանտ Հունան Ավետիսյան,-կարդում է նա ցուցակում: Աջթևայինը շարքից զեկուցում է. -Սովետական Միության հերոս ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը զոհվել է մեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը պաշտպանելիս: Այսպես ամեն օր առավոտյան և երեկոյան հարազատ զորամասում հնչում է հերոսի անունը: ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949 թ ապրիլի 22-ի 30 հրամանով Հունան Ավետիսյանի անունը առհավետ գրանցված է զինվորական ստորաբաժանման նախկին 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևասոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: Հունանը ծնվել է Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանի Ծավ գյուղում: Սովորել է սկզբում Ծավի, ապա` հարևան Շիկահող գյուղի դպրոցում։ Մանկուց Հունանը օժտված էր սովետական մարդուն հատուկ գծերով, ջերմ հայրենասիրությամբ Եվ երբ 1941 թ. սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Հունանը իր նման հազարավոր երիտասարդների հետ կողք կողքի կանգնեց հայրենիքի պաշտպանների շարքերում: Նա մասնակցեց բազմաթիվ մարտերի: 1943 թ. սեպտեմբերի 16-ին տվեց իր վերջին մարտը և հավերժացավ: Թշնամին ամրացել էր Դոլգայա բարձունքում: Նովոռոսիյսկ քաղաքը և Թամանյան թերակղզին ազատագրելու համար պետք էր հաղթահարել այդ բարձունքում ամրացված հակառակորդի ուժեղ դիմադրությունը, որը դզօտների ու խրամատների ամուր մի ցանց էր կառուցել այդտեղ: Ինչ գնով էլ լինի, պետք է գրավել Դոլգայա բարձունքը։ Այս էր հրամանը։ Առաջադրանքն ստանձնեց այն դասակը որի հրամանատարը Հունան Ավետիսյանն էր: