Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լի մարդկային կյանքին, վայելքին ու երջանկությանն անհրաժեշտ օգտի ու դեղի համար ամեն ինչ ունեցող դաշտեր` լայնատարած ու որսալից, շուրջ բոլորը լեռներ, գեղեցկանիստ ու փարթամ արոտներով ծածկված կճղակաբաշխ ու որոճող անասուններով և նրանց հետ էլի ուրիշ բազմատեսակ կենդանիներով լեցուն: Լերանց բարձր կատարներից ջրեր են հոսում` լիուլի ոռոգմամբ արբեցնելով դաշտերը, որոնք անթիվ կին ու տղամարդ բնակչությամբ փարթամացած ոստանն են մատակարարում առատ հացով և գինով, անուշաբույր ու մեղրահամ բանջարեղենով և յուղատու զանազան սերմերով: Իսկ թե հայացքդ առաջին անգամ ես դարձնում դեպի լեռնափեշերը կամ սարահարթերը, ապա նրանց վրա սփռվածը հանդերձներ կկարծես և ոչ թե ծաղկաբույս երանգներ` տարածված փարթամորեն անուշահամ ու պարարտ արոտներ...»։ Այսպես է նկարագրում Արարատյան դաշտը 5-րդ դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին: Այս դաշտում հիմնադրվել ու ծաղկել են Հին Հայաստանի մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Վաղարշապատը, Արտաշատը, Դվինը: Սակայն դարեր շարունակ իրար ետևից դեռ մի թշնամուն չհաղթած ու չվանած` Արարատյան դաշտ են ներխուժել նոր ոսոխներ, ավերել քաղաքներ ու շեներ: 11-րդ դարում ողջ Հայաստանը և նրա հետ էլ Արարատյան դաշտը տրորվեց ահավոր սամումի պես լեռնաշխարհ ներխուժած սելջուկյան թուրքերի ձիերի սմբակների տակ, իսկ 13-16-րդ դարերում նրանց փոխարինեցին նոր նվաճողներ` մոնղոլթաթարները թուրքերը։ «Ծխում էին դաշտավայրի վրա խիտ առ խիտ փառված գյուղերը... Ծխում էին մեծաշեն քաղաքները։ Ծխում էր Դվինը, ծխում էր Արտաշատը, ծխում էր Վաղարշապատը, ծխում էր էջմիածնի վանքը: Եվ թանձր ծուխը նսեմացնում էր Արարատյան դաշտի լուսապայծառ գեղեցկությունը», գրում է Րաֆֆին: Արարատյան դաշտի զգալի մասը 1828 թ ազատագրվեց, միացավ Ռուսաստանին: Այժմ փոխվել է Արարատյան դաշտի դեմքը: Հոկտեմբերյանի, Արարատի, էջմիածնի, Ստորին Հրազդանի, Թալինի ջրանցքներով, Ազատի ջրամբարի ջրով վերակենդանացել է հողը: Շրջապատված Արագածի, Արայի, Մեծ ու Փոքր Մասիսների լեռնագագաթներով, Դեղամա և Հայկական պար լեռնաշղթաներով` ծովի մակերևույթից մոտ 800-1000 մ բարձրության վրա փռված այս հարթավայրը նման է մի եռանկյուն սկուտեղի՝ լցված հողի պարգևած բարիքներով: Դաշտն ունի ավելի քան 200 կմ երկարություն և 20-45 կմ լայնություն: Հյուսիսային սահմանը հասնում է մինչև Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը` մինչև Դայլի դրունք կոչվող լեռնանցքը։ Արաքսը դաշտը բաժանում է երկու մասի: Աջ ափին ընկած տարածությունը գտնվում է Թուրքիայի և Իրանի սահմաններում, իսկ ձախակողմյանը` Սովետական Հայաստանում և Նախիջևանի ԻՍՍՀ-ում: Արարատյան դաշտն ունի արևոտ, չոր, ցամաքային կլիմա, 4-5 ամիս տևող շոգ ամառ։ Ձմռանը դաշտում չափավոր ցուրտ է, եղանակը` հիմնականում անհողմ: Գարունը շատ կարճ է տևում, իսկ աշունը տաք է, տևական, ինչպես ասում են՝ «ոսկե աշուն»։ Դաշտն ունի անմշակ աղուտներ ու ճահճուտներ, որոնք 30000 հեկտար տարածություն են զբաղեցնում: Արարատյան դաշտում աճում են հանրահայտ հայկական ծիրանը, խաղող, դեղձ, սալոր, սերկևիլ և ուրիշ շատ մրգեր: Այժմ մեծ տեղ է հատկացվում