Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրի առաջին արհեստական արբանյակը կշռում էր ընդամենը 83,6 կգ, իսկ այսօր մեր մոլորակի շուրջը պտտվող ժամանակակից գիտական կայաններն արդեն տասնյակ տոննաներ են կշռում։

Երկրի արհեստական արբանյակներից մի քանիսը կարող են արտասովոր ուղեծրեր ունենալ։ Այդպիսին են օրինակ, այսպես կոչված օրային արբանյակները, որոնք Երկրի շուրջը պտտվում են նրանից մոտ 36 հզ կմ հեռավորությամբ։ Դժվար չէ հաշվելը, որ այդպիսի արբանյակի պտտման պարբերությունը հավասար է 24 ժամի, այսինքն՝ մեկ օրվա։ Այսպիսով, եթե նման արբանյակը արձակվի Երկրի հասարակածի հարթության մեջ, ապա այն մշտապես կգտնվի Երկրի նույն կետի վերևում։

Օրային արբանյակները հարմար են ռադիո և հեռուստահաղորդումները վերահաղորդելու համար։ Իրարից հավասարապես հեռու պտտվող օրային երեք արբանյակների օգնությամբ կարելի է Երկրի վրա գտնվող մեկ ռադիոկայանի հաղորդումներով սպասարկել ամբողջ երկրագունդը։

Այժմ պատկերացրեք տիեզերական տարածությունում գտնվող երկու կետ, որտեղ Երկրի ու Լուսնի ձգողության ուժերը միմյանց հավասար են և որոնք Երկրի ու Լուսնի ծանրության կենտրոնների հետ գտնվում են միևնույն հարթության մեջ։ Այդ կետերն անվանում են լիբրացիայի եռանկյունային կետեր։ Այդտեղ տեղադրված արբանյակները կգտնվեն կայուն հավասարակշռության մեջ և Երկրի ու Լուսնի նկատմամբ մշտապես կպահպանեն իրենց սկզբնական դիրքը։

Ստեղծվել են նաև այնպիսի արբանյակներ, որոնք շարժվելով խիստ ձգված ուղեծրով՝ Երկրից հեռանում են ավելի քան 200 հզ. կմ։

Արբանյակներում տեղադրված սարքերն օգնում են ուսումնասիրելու Արեգակնային համակարգի մոլորակները, այլ գալակտիկաներ, անսահման Տիեզերքը։ Չէ՞ որ տիեզերական աստղադիտարանի աշխատանքին չի խանգարում Երկրի մթնոլորտը, որը դժվարացնում է Երկրից կատարվող դիտումները։

«Կոսմոս» սերիայի մեր արբանյակներում փորձարկվում են տիեզերական ապագա թռիչքների համար նախատեսվող սարքեր, կատարվում կենսաբանական փորձեր։

Արբանյակները մարդուն առաջին անգամ հնարավորություն տվեցին հեռվից նայելու սեփական մոլորակին։ «Մետեոր» սերիայի արբանյակները օդերևութաբաններին արժեքավոր տեղեկություններ են տալիս օդային զանգվածների շարժման մասին և օգնում անսխալ կանխագուշակելու եղանակը։ Գեոդեզիական արբանյակների օգնությամբ քարտեզագիրները որոշում են Երկրի առանձին կետերի կոորդինատները լուսանկարում մեր մոլորակի մակերևույթը։ Նավագնացության արբանյակներով կողմնորոշվում են նավերն ու ինքնաթիռները ինչպես առաջներում կողմնորոշվում էին աստղերով, Արեգակով և Լուսնով։ «Մոլնիա» սերիայի կապի արբանյակների շնորհիվ կարելի է հսկայական