Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արգենտինա (Արգենտինական Հանրապետություն)

16-րդ դարում իսպանացիներն սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան: Նրանց այնտեղ էր ձգում ոսկի և արծաթ գտնելու հույսը: Մայր ցամաքի հարավում ընկած երկիրը նրանք անվանեցին Արգենտինա` «արծաթյա»։ Սակայն Արգենտինայում ոչ ոսկի կար, ոչ էլ արծաթ։ Մի քանի դար շարունակ նա մնում էր Ամերիկայում Իսպանիայի գաղութային տիրապետությունների հեռավոր, լքված ծայրամասը։ Բերրի հողերի հսկայական տարածությունները, որ Ռուսական տափաստաններն են հիշեցնում, բնակեցված չէին և համարյա չէին օգտագործվում։ Բայց ավելի քան հարյուր տարի առաջ ամեն ինչ փոխվեց։ Այդ ժամանակ արդեն բոլոր մայր ցամաքները ծովային ճանապարհներով միացած էին իրար: Եվրոպայում բուռն կերպով զարգանում էր արդյունաբերությունը, արագորեն աճում էին քաղաքները: Իսկ սեփական պարենամթերքը չէր բավարարում։ Այդ շրջանում Արգենտինայում արագորեն զարգանալ սկսեց գյուղատնտեսությունը, հատկապես` անասնապահությունը: Այստեղից սկսեցին միս արտահանել Եվրոպա: Եվրոպական երկրներից, գլխավորապես Իսպանիայից ու Իտալիայից, Արգենտինա մեկնեցին հարյուր հազարավոր վերաբնակիչներ: Լավագույն հողերն ու արոտավայրերը զավթեցին օտարերկրացի կալվածատերերը և արդյունաբերողները: Օտարերկրյա կապիտալիստներին են պատկանում նաև ամենախոշոր սպանդանոցներն ու մսի կոմբինատները: Արգենտինայի աշխատավոր ժողովուրդը պայքարում է հանուն իր իրավունքների, հանուն այն բանի, որ երկիրը կախում չունենա օտարերկրյա կապիտալիստներից։ Շատ բան է ձեռք բերված. մասնավոր տերերից ետ են խլվել և պետության սեփականությունն են դարձել երկաթուղիները, մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, էլեկտրակայանները: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը այժմ աշխարհի խոշորագույն քաղաքներից և նավահանգիստներից է: Այնտեղ և հարևան քաղաքներում արտադրվում է երկրի արդյունաբերական արտադրանքի 3/5-ը։ Երկրում ստեղծվել են խոշոր գործարաններ, որոնք արտադրում են ավտոմեքենաներ,