Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա սգո քայլերգը հնչում է հանդարտ ու պայծառ։ Չէ՞ որ հերոսը իր կյանքը զոհաբերել է հանուն ժողովրդի երջանկության: Եվ նրա նպատակները կիրագործեն ուրիշները:

Բեթհովենը ցանկանում էր այդ սիմֆոնիան ձոնել Նապոլեոնին։ Բայց, իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, Բեթհովենը ցասումով լցվեց. «Հիմա նա ոտնատակ կանի մարդկային բոլոր իրավունքները, իրեն բոլորից բարձր կդասի և բռնակալ կդառնա»: Կոմպոզիտորը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»:

Խլությունն ուժեղանում է, Բեթհովենի համար գնալով դժվարանում է մարդկանց հետ շփվելը, և միայն բնության գրկում է նրա հոգին լցվում երաժշտությամբ, ինչպես մանկության օրերին էր։ Ձայների աշխարհն այժմ նա իր մեջ է կրում։ Եվ այդ գեղեցիկ աշխարհը բացահայտում է «Հովվերգական սիմֆոնիայում», ուր առվակների խոխոջ կա ու թռչունների ճռվողյուն, մոտալուտ ամպրոպի կենսալի աղմուկ և հովվական եղջերափողի նվագ: Տարիներն անցնում են: Շրջապատող աշխարհից այլևս ոչ մի ձայն չի հասնում Բեթհովենի լսողությանը։ Նա ամփոփվում է ինքն իր մեջ:

Վաղուց արդեն ետևում է մնացել հեղափոխությունը, կայսրերն ու թագավորներն ամուր նստած են գահերին։ Նրանց մինիստրները հետապնդում են ազատության ստվերն անգամ: Բայց Բեթհովենը հավատարիմ է ինքն իրեն: Ո՛չ աստիճան, ո՛չ տիտղոս և ո՛չ էլ ազնվատոհմություն. նա մարդու միայն անձնական արժանիքներն է ընդունում: Զբոսանքի ժամանակ հանդիպելով Ավստրիայի կայսրուհուն և դքսերին՝ Բեթհովենն իր տեսքով հարկադրում է նրանց զիջել ճանապարհը և անցնում է հազիվ ձեռքը դիպցնելով գլխարկին: Ի՜նչ մեծամիտն է ժողովրդի ծոցից ելած այդ մարդը, սպասավոր երաժիշտների որդին ու թոռը։ Ո՛չ, նա մեծամիտ չէ։

«Իսկական արվեստագետը զուրկ է մեծամտությունից,- գրել է Բեթհովենը,- նա տեսնում է, թե որքան անսահման է արվեստը, նա զգում է, թե ինքը որքան հեռու է նպատակից»։

Բեթհովենի ողջ կյանքը նվիրված է արվեստին: Աշխատանքի մեջ խորասուզված, նա մոռանում է քնելու, ուտելու, առողջության մասին: Հաճախ հիվանդանում է, ապրում կարիքի մեջ: Նա միայնակ է, բայց որքան սեր ունի անթեղած մարդկանց հանդեպ, որքան շատ է հավատում բարուն։ Այդ շրջանում նա ստեղծում է վերջին՝ իններորդ սիմֆոնիան: «Բերկրանքի» հիմնով է ավարտվում այն։ Հնչում է լայնաշունչ, լուսավոր մեղեդին:

Բեթհովենի երաժշտությունն ընդմիշտ կապրի: Այդ երաժշտության մեջ նրա ողջ սերն է մարդկանց հանդեպ, հավատը նրանց գալիք ազատության և երջանկության նկատմամբ։

Վ. Ի. Լենինը բարձր է գնահատել կոմպոզիտորի երաժշտությունը: Ինչպես Ա. Մ. Գորկին է նշում, Վլադիմիր Իլյիչը մի անգամ, լսելով Բեթհովենի սոնատները, ասել է. «Ապասիոնատ»–ից ավելի լավ ոչինչ չգիտեմ, պատրաստ եմ այն լսելու ամեն օր: Զարմանահրաշ գերմարդկային երաժշտություն: Ես միշտ հպարտությամբ, թերևս միամիտ մտածում եմ ահա, թե ինչպիսի հրաշքներ կարող են կատարել մարդիկ»:


Բելգիա

(Բելգիայի թագավորություն)

Բելգիան Եվրոպայում գտնվող փոքր երկիր է. նրա տարածքը գրեթե հավասար է Հայկական ՍՍՀ-ի տարածքին: Ավտոմոբիլով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը։ Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային: Բելգիան անկախ պետություն է դարձել 1830 թ. միայն։

Բելգիայում ապրում են երկու ազգեր՝ վալոնները և ֆլամանդացիները: Առաջին անգամ Բելգիա ոտք դրած մարդու ուշադրությունը գրավում է այն, որ այստեղ բոլոր մակագրություններն ու ցուցանակները գրվում են երկու լեզվով՝ ֆրանսերեն (որով խոսում են վալոնները) և ֆլամանդերեն։

Ժամանակակից Բելգիան բարձր զարգացած կապիտալիստական պետություն է։ Նա արտադրում է թուջ, պողպատ, պղինձ, ավտոմոբիլներ, հաստոցներ, էլեկտրաապարատներ, քիմիկատներ, ապակի, գործվածքներ, գորգեր: Այդ ապրանքներով Բելգիան առևտուր է անում բազմաթիվ երկրների հետ: Արդյունաբերության շատ ճյուղերի հումքը Բելգիան ներմուծում է:

Բելգիացիները շատ աշխատանք են կատարում նաև գյուղատնտեսության մեջ: Նրանք մշակում են հացահատիկ, կարտոֆիլ,