Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանիների դրոշմներ: Ինչ-որ մի ժամանակ տերևը կամ մահացած կենդանին ընկել են ջրի մեջ, ծածկվել տիղմով։ Հետո կենդանու կամ բույսի մնացորդներն աստիճանաբար քայքայվել են: Բայց ծովային տիղմի վրա նրանց թողած դրոշմը կարծրացել է և պահպանվել: Դպրոցական սովորական կավիճը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծովային մանրագույն կենդանիների խեցիների բազմություն: Հնադարյան ծովերի հատակին, նստվածքների վերին շերտերի ծանրության ազդեցությամբ, այդ խեցիները մամլվել են և փոխակերպվել խիտ ապարի: Ավելի ուշ փոխվել են ծովերի ուրվագծերը, և կավճաշերտերը հայտնվել են ցամաքում: Ուսումնասիրելով բրածո բույսերն ու կենդանիները` գիտնականները վերականգնում են կենդանական և բուսական աշխարհի պատմությունը, մեր մոլորակի պատմությունը։ Բայց բոլոր հնագույն բույսերն ու կենդանիները չէ, որ ոչնչացել են: Դրանցից ոմանք, օրինակ, կրիաները, կոկորդիլոսները, հարմարվել են երկրի կլիմայի փոփոխություններին: Մյուսները կենդանի են մնացել, որովհետև նրանց բնակության վայրերում կլիման շատ չի փոխվել: Հնագույն շատ կենդանիներ են պահպանվել Ավստրալիայում. պարկավորները` կենգուրուն, կոալան և այլն, կաթնասունները բադակտուցը և եքիդնան:

Բրեստի ամրոց

Պատկերացրեք, որ ամառային մի շաբաթ երեկո քուն եք մտել այն հաճելի զգացումով, թե վաղը հանգստանալու եք, խաղալու, զբոսնելու, զվարճանալու: Եվ հանկարծ լուսաբացին արթնանում եք խլացուցիչ դղրդյունից, ձեր տունը ցնցվում է ու երերում, պատուհաններից զնգոցով դուրս են թռչում ապակիները: Շուրջը վառվում ու փուլ են գալիս շենքերը, բակում պայթում են ռումբեր ու արկեր, այս ու այն կողմ են վազվզում ահաբեկված, կիսամերկ մարդիկ, ոմանք ընկնում են սպանված կամ վիրավոր, լալիս են կանայք, ճչում են երեխաները: 1941 թ հունիսի 22-ին այդպես արթնացան Բրեստի ամրոցում ապրող մարդիկ: Նրանց արթնացրեց պատերազմը: Բրեստ քաղաքը գտնվում է Բելոռուսիայում, Սովետական Միության արևմտյան սահմանի մոտ: Նրա կողքին, Բուգ գետի ափին, մի հին ռուսական ամրոց կա: Պատերազմից առաջ Բրեստի ամրոցի զորանոցներում ու տներում ապրում էին կարմիրբանակայիններ և հրամանատարներ, շատերը` կանանց ու երեխաների հետ: Բուգի մյուս ափին կանգնած էին հիտլերյան բանակի զորքերը։ Ֆաշիստները գաղտագողի պատրաստվում էին հանկարծակի հարձակվել Սովետական Միության վրա: Գիշերները նորանոր զորքեր էին փոխադրում սահմանի մոտ, առափնյա խիտ թփուտներում քողարկում էին թնդանոթներ, որոնց նշանակետը ամրոցն էր: Հունիսի 22-ին, կիրակի օրը, առավոտյան ժամը 4-ին, երբ նոր-նոր լուսանում էր, այդ թնդանոթները կրակ բացեցին, իսկ ամրոցի վրա սկսեցին պտտվել գերմանական ինքնաթիռներն ու ռումբեր տեղալ։ Անակնկալի եկած, դեռևս կիսարթուն մարդիկ զոհվում էին շենքերի փլատակների տակ, սպանվում կամ վիրավոր ընկնում թշնամու կրակից։ Պատերազմի այդ առաջին սարսափելի առավոտը Բրեստի ամրոցում զոհվեցին հարյուրավոր սովետական ռազմիկներ, կանայք ու երեխաներ: Ֆաշիստները կարծում էին, թե այդ անսպասելի հարվածը իրենց հեշտ հաղթանակ կբերի, և արագ կգրավեն ամրոցը: Բայց երբ հիտլերականները ներխուժեցին ամրոցի բակը, նրանց դիմավորեց գնդացիրների և հրացանների կրակը: Գրոհը ետ մղվեց: Ողջ մնացած սովետական զինվորները զենք վերցրին: Նրանց հրամանատարներն էին մայոր Պյոտր Դավրիլովը, կապիտան Իվան Զուբաչովը, գնդի կոմիսար Եֆիմ Ֆոմինը և ուրիշներ: Սկսվեցին ծանր, երկարատև մարտերը: Ֆաշիստները շրջապատել էին ամրոցը, ռմբակոծում ու գրոհում էին ամեն կողմից։ Մեր զինվորներին փամփուշտները չէին հերիքում, ուտելու բան չկար, որովհետև փլատակների տակ էին մնացել ռազմամթերքի ու պարենի պահեստները: Նույնիսկ ջուր չկար,