Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներսից փակում մուտքը և քուն մտնում ճիշտ է, գորշուկը խորը չի քնում, նրա մարմնի ջերմաստիճանը չի իջնում: Երբեմն, հատկապես ձնհալքի ժամանակ, նա արթնանում է և դուրս գալիս բնից, այն էլ, հիմնականում, ցերեկը։ Ահա հենց այդտեղ էլ կարելի է ինչպես հարկն է, զննել նրան։

Գորշուկը բավականին խոշոր, մինչև 90 սմ երկարությամբ (իսկ պոչի հետ մեկ մետրից ավելի), արծաթամոխրագույն կոշտ մազերով գազան է։ Քթից դեպի ծոծրակը ձգվում են դեղնասպիտակ շերտեր, իսկ աչքերի և ականջների վրայով մի սև շերտ։ Փափուկ ձյան վրա լավ երևում են նրա ամուր մագիլներով ուժեղ թաթերի հետքերը։ Այդ թաթերով նա բներ է փորում, հմտորեն հողից արմտիք հանում, նաև պաշտպանվում է։ Գորշուկն, ինքը խաղաղասեր կենդանի է և ոչ մեկի վրա չի հարձակվում։

Ձյան վրա մի քիչ զբոսնելուց հետո գորշուկը դարձյալ քնելու է գնում։ Գարնանը դուրս գալով բնից, նա անմիջապես գործի է անցնում։ Նախ, պետք է մի լավ ուտել, ձմեռվա ընթացքում շատ է նիհարել երկրորդ, պետք է փոխել կացարանի ցամքարը, կամ նոր բույն փորել։ Հետո ծնվում են գորշուկի ձագուկները որոնք սովորաբար երեքից հինգն են լինում։ Մայր գորշուկը շատ հոգատար է կույր ձագուկներին, նա ամեն օր արևի է դուրս բերում։ Իսկ հայր գորշուկը խնամքով մաքրում հավաքում է կացարանը ամառվա ընթացքում, մի քանի անգամ փոխում ցամքարը։

Աշնան մոտերքին ընտանիքի բոլոր «անդամները» հոգում են գիրանալու մասին, նախապատրաստվելով ձմռանը։ Չնայած թվացող ծանրաշարժությանը գորշուկները ճարպկորեն որսում են կրծողներ, գորտեր, մողեսներ, հողի տակից փորում հանում են որդեր: Գորշուկներն առանձնապես օգտակար են նրանով, որ մայիսյան բզեզների բազմաթիվ թրթուրներ են ոչնչացնում։

Ցրտերն ընկնելուն մոտ գորշուկն արդեն այնքան ճարպ է կուտակած լինում, որ այն կազմում է նրա քաշի մեկ երրորդ մասը։ Այժմ կարելի է և հանգիստ պառկել ու քուն մտնել, մինչև հաջորդ գարուն երբ նա նորից կսկսի իր «եռուն» գործունեությունը:

Գորշուկի ձագուկները ձմեռում են ծընոդների հետ միասին: Իսկ գարնանն արդեն սկսում են իրենց ինքնուրույն կյանքը։

Գրադարան

Դուք հյուր եք եկել ձեր ընկերոջը։ Նա ասում է «Հիմա ես քեզ ցույց կտամ իմ գրադարանը», և մոտենում գրքերով լի պահարանին կամ դարակին։

«Այսօր պետք է գրադարան գնամ»,– ասում եք դուք և գնում մտնում եք մի շենք, որի դռանը փակցված է «Մանկական գրադարան» ցուցանակը։

Եթե երբևէ առիթ ունենաք լինելու Մոսկվայում, դուք կտեսնեք միքանի շենքեր, որ մի ամբողջ թաղամաս են զբաղեցնում։ Մուտքին գրված է «Վ. Ի. Լենինի անվան Լենինի շքանշանակիր ՍՍՀՄ պետական գրադարան»։ Այդ գրադարանի ներսը շրջելու համար շատ ժամանակ է հարկավոր։ Դուք պետք է բարձրանաք վերելակներով, իջնեք աստիճաններով, անցնեք միջանցքներով: Այնտեղ դուք կտեսնեք գրքերով լեցուն գրադարակների անվերջ շարքեր և սայլակների մի շարան, որով գրքերն ընթերցասրահ են բերում, և շատ ու շատ այլ բաներ։

Սովետական Միությունում տպագրված ամեն մի գիրք, թերթ ու հանդես անպայման հանգրվանում է այդ գրադարանում։ Այս գիրքը ևս, որ հիմա դուք կարդում եք, իր տեղը կգտնի Լենինի գրադարանի գրադարակին։ Այստեղ գրքեր, թերթեր, հանդեսներ են ստացվում նաև այլ երկրներից։ Գրադարանում նրանց թիվը միլիոնների է հասնում։ Ահա թե ինչպիսին է այդ աշխարհի ամենախոշոր գրադարաններից մեկը, որն ստեղծվել է ավելի քան հարյուր տարի առաջ։ ժամանակին այնտեղ պարապել է Վլադիմիր Իլյիչը։

Պատահական չէ, որ թե գրքերի մի ամբողջ քաղաք կազմող այս հսկայական գրադարանը, թե մանկական գրադարանը, ուր դուք հաճախում եք, և թե ձեր տան գրադարանը անվանեցինք միևնույն բառով «գրադարան»։

Գրադարանը այն գրքերի հավաքածուն է, որ մեկ մարդ կամ շատ մարդիկ սիրով հավաքել են և խնամքով պահպանում են։

Գրադարանները գոյություն ունեն հազարամյակներ ի վեր։ Սովետական Միության տարածքում առաջին գրադարաններն ստեղծվել են շատ դարեր առաջ։

Հայաստանում, օրինակ, գրադարաններ են եղել մեզանից դեռևս 1500 տարի առաջ։ Սկզբում դրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, ջամբռ, երբեմն էլ