Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծանան, կարողանան սնվել խոտով ու տերևներով։ Երկու շաբաթ հետո փոքրիկները կարող են իրենց մոր նման արագ վազել։ Նրանք իրենց մոր հետ շրջում են մինչև հաջորդ գարուն, երբ մայրը նորից է ձագեր ունենում։

Եղջյուրներ ունեն միայն արու այծյամները։ Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դադարում աճել։ Սկզբում եղջյուրը ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ։ Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվում են։

Այծյամի ձագերը հեշտ ընտելացող հեզ արարածներ են, ուստի որսորդները, անտառապահները երբեմն նրանց բռնում ու պահում են տանը։ Այծյամները ապրում են մինչև 16 տարի։

Այծյամը մեր բնության սքանչելի զարդերից է, նրան պահպանելն ու բազմացնելը մեր բոլորի պարտքն է։


Այծքաղ

Հաճախ ասում են վիթի պես բարեկազմ է, կամ քարայծի պես թեթևասահ է։ Բարակ ոտքերով, նրբագեղ վզով այդ փոքր այծքաղները՝ վիթերը, իրոք որ շատ բարեկազմ են։ Նրանք ապրում են Աֆրիկայի և Ասիայի անապատներում ու տափաստաններում։ Մեր երկրում վիթերից հայտնի է ջեյրանը։ Սայգա այծքաղը վիթի համեմատությամբ այլանդակ է։ Նա ունի մեծ գլուխ՝ փքված և փափուկ զգայուն քթով, ուժեղ և մկանուտ կարճ ոտքեր։ Սակայն սայգան կարող է մեկ ժամում տափաստանով կտրել անցնել ավելի քան 70 կմ տարածություն։ ՍՍՀՄ-ում նա ապրում է Ղազախստանում և Ստորին Վոլգայի տափաստաններում։

Եվրոպայի լեռներում և Կովկասում տարածված այծքաղ է քարայծը։ Նա թեթևությամբ սլանում է լեռների գլխապտույտ բարձունքներով։

Այծքաղները շատ տարբեր են լինում։ Ամենախոշոր, կովի մեծության այծքաղները աֆրիկյան եզնայծերն են, իսկ ամենափոքրերը, որ նույնպես աֆրիկյան են, նապաստակի մեծության դիկ-դիկներն են։

Աֆրիկայում է ապրում նաև գնու այծքաղը։ Նրա մարմինն ու պոչը նման են ձիու, իսկ երկկճղակավոր սմբակներն ու եղջյուրավոր գլուխը ցուլի։ Նա շատ արագավազ է, չնայած թվացող ծանրաշարժությանը։