Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ չէ, անշուշտ, որ հնարավոր է իմանալ: Դուք դեռ կմեծանաք, կշարունակեք սովորել, բազմաթիվ լավ գրքեր կկարդաք, կծանոթանաք ու կսիրեք երաժշտական շատ ստեղծագործություններ, կդիտեք կինոֆիլմեր ու հեռուստահաղորդումներ: Աստիճանաբար դուք բազմազան գիտելիքներ ձեռք կբերեք և կկարողանաք շատ հարցերի էլ ինքներդ պատասխանել։ Բայց առայժմ ձեզ համար օգտակար կլինի հազար ու մի կարևոր հարցի պատասխան իմանալ մեր չորս գրքերից, ինչպես մեծահասակները իրենց հանրագիտարաններից, հասկանալ այն հազար ու մի բառերի նշանակությունն ու իմաստը, որոնց դուք հանդիպում եք տանը, փողոցում, դպրոցում, գրքերում: Բառեր էլ կան, որ ձեզ առհասարակ ծանոթ չեն, որոնք, սակայն, նույնպես շատ կարևոր են և ամեն մի կրթված մարդ պետք է իմանա դրանք: Ջանացեք հիշել այդ բառերը:

«ԻՆՉ է, ՈՎ է»-ն հայերեն թարգմանությունն է կրտսեր տարիքի դպրոցականների համար նախատեսված «Что такое, Кто такой» հանրագիտարանի, որը 1975—1978 թվականներին լույս է ընծայել «Պեդագոգիկա» հրատարակչությունը Մոսկվայում: Ի դեպ ռուսերեն հրատարակության առաջաբանը գրել է ձեր սիրելի գրողներից մեկը՝ Լև Կասիլը, և այդ առաջաբանի բուն էությունն ու հիմնական մտքերն արտահայտված են ձեզ ուղղված այս խոսքում. «ԻՆՉ է, ՈՎ է»–ն սակայն հիշյալ հրատարակության զուտ թարգմանությունը չէ միայն: Այստեղ ընդգրկված է բավականին լայնածավալ հայկական նյութ ինչպես առանձին զրույցների, այնպես էլ արդեն եղած զրույցների, լրացումների ձևով համապատասխան պատկերազարդումով: Արվել են նաև գիտության, տեխնիկայի և մշակույթի արդի պահանջներից բխող մի շարք փոփոխություններ և ճշգրտումներ: Այս պատճառներով է ահա որ հայերեն հրատարակությունը ձեզ ներկայացվում է չորս հատորով:

«ԻՆՉ է, ՈՎ է» ն ընդհանուր բնույթի հանրագիտական հրատարակություն է, այսինքն՝ ընդգրկված զրույցները վերաբերում են մարդկության ողջ պատմությանը սկզբից մինչև մեր օրերը, գիտության ու մշակույթի բոլոր բնագավառներին: Հատորներում դուք բազմաթիվ զրույցներ կգտնեք Սովետական Միության, կոմունիստական կուսակցության մասին: Զրույցներ կան Սովետական Հայաստանի, նրա բնաշխարհի, ծաղկող քաղաքների, հայ ժողովրդի դարավոր անցյալի, նրա մաքառումների ու հերոսապատումների, կարևոր իրադարձությունների, գիտության, մշակույթի, գրականության, հայ ականավոր դեմքերի, հայ հեղափոխական գործիչների, մեր հանրապետության խոշոր նվաճումների, աշխարհով մեկ սփռված հայ գաղթավայրերի մասին: Դուք կիմանաք, օրինակ, թե ինչպես իր դարավոր պատմության ընթացքում ավերածություններ ու կոտորածներ տեսած, կործանման եզրին կանգնած հայ ժողովուրդը սովետական իշխանության շնորհիվ մոխիրներից հառնեց ինչպես հեքիաթային փյունիկ թռչուն, ապրեց աննախընթաց վերելք և այսօր Սովետական Միության եղբայրական ժողովուրդների համերաշխ ընտանիքում կերտում է իր լուսավոր ու երջանիկ կյանքը:

Հատորներում զրույցները դասավորված են այբբենական կարգով՝ Ա-ից մինչև Ֆ։ Թե որ հատորում գտնեք ձեզ հետաքրքրող զրույցը, կօգնեն յուրաքանչյուր գրքի կազմին նշված տառերը։ Առաջին հատորում, օրինակ, զետեղված են Ա—Դ տառերով սկսվող զրույցները։ Այս կարգը ձեզ կօգնի հեշտությամբ գտնելու հարկավոր բառը, աստիճանաբար կսովորեք նաև օգտվել զանազան բառարաններից ու հանրագիտարաններից։