Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սերմերի կեղևը և սնվում միջուկով։ Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը։ Բացի դրանից, կտուցը թութակներին օգնում է մագլցելու ծառերիճյուղերն ի վեր. այն, ասես, նրանց երրորդ ոտքը լինի։ Թութակների ոտքերը բացառիկ հարմարված են մագլցելուն։ Ամեն մի ոտքի երկու մատն ուղղված են առաջ, երկուսը՝ ետ, այնպես որ ստացվում են շատ ուժեղ «աքցաններ»։ Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում։ Սակայն, կան նաև չթռչող թութակներ։ Օրինակ, Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը գետնին քայլել գիտե միայն և վտանգի դեպքում թաքնվում է ծառերի արմատների տակ գտնվող բնում։ Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով։ Գերության մեջ ապրելու դեպքում որոշ տեսակներ կարողանում են նմանակել մարդկային խոսքը կրկնելով առանձին բառեր և, անգամ, նախադասություններ։ Ինչ խոսք, որ նախադասություններն ու բառերը թութակներն արտասանում են ոչ թե գիտակցաբար, այլ սոսկ սերտած կրկնում են միշտ միևնույնը։ Մարդկային խոսքն առանձնապես լավ են նմանակում աֆրիկյան ժակո գորշ թութակը և ամերիկյան ամազոնների մի քանի տեսակներ։ Թութակները տարբեր չափերի են լինում։ Օրինակ, ձեզանից շատերին լավ ծանոթ ալիքավոր թութակի երկարությունը (մինչև պոչի ծայրը) ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև մեկ մետր։ Հայտնի են թութակների երեք հարյուրից ավելի տեսակներ, որոնցից առավել հանրահայտ են ավստրալիական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները։ Թութակները հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում է և միշտ ճանաչում իրենց տիրոջը։ ՍՍՀՄ-ում ամենից շատ տարածված ձեռնասուն թութակներն ավստրալիական փոքրիկ ալիքավոր թութակներն են։ Իրենց հայրենիքում նրանք լինում են միայն կանաչ գույնի, բայց մարդիկ բուծել են դեղին, կապույտ և սպիտակ ընտանի թութակներ։ Ալիքավոր թութակները հեշտությամբ բազմանում են վերաբնակեցման վայրերում՝ որպես բույն օգտագործելով արհեստական փչակները։


Թուղթ

Երբ շրջում եք անտառում և հիանում բարձր, սլացիկ ծառերով, երևի, չեք էլ մտածում, որ ձեր շուրջը կանաչում են ապագա գրքերը, տետրերը, կաթի ծրարները, պաստառները... Մի խոսքով, այն ամենը, ինչ պատրաստում են թղթից։ Մարդիկ թուղթն օգտագործել սովորել են 1-2-րդ դարերում։ Պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում, և երկար ժամանակ չինացիներն այն գաղտնի էին պահում։ Ասորեստանցիները գրում էին կավե սալիկների վրա՝ ձողիկներով։ Հին եգիպտացիներն իրենց հիերոգլիֆները պատկերում էին պապիրուսների՝ նույնանուն ճահճաբույսի մամլած միջուկներից պատրաստված բարակ թերթերի վրա։ Մեր թվականությունից առաջ 2-րդ դարում ստեղծվեց մագաղաթը: Այդ ժամանակվանից էլ մագաղաթ են պատրաստել նաև Հայաստանում։ Եվրոպայում այն սկսեցին օգտագործել միջին դարերում։ Հին Ռուսիայում նամակները գրում էին կեչի ծառի կեղևի վրա (այդ մասին դուք կկարդաք «Կեչակեղևագրեր» զրույցում)։ Թուղթը, որ Հայաստանում գործածվում էր 8-9-րդ դարերից, Եվրոպայում առաջին անգամ երևան եկավ 10-րդ դարում։ Այն եփում էին մանրացված քուրջ ու փալասից։ Բայց երբ ամենուրեք սկսեցին թերթեր ու գրքեր տպագրել, իսկ դպրոցականներին էլ դասագրքեր ու տետրեր էին հարկավոր, հնոտին այլևս չէր բավականացնում, և մարդիկ սովորեցին թուղթ պատրաստել փայտից։ Անտառում սղոցած ծառերը նախ կտրատում են կոճղերի, ապա վերածում տաշեղի՝ մանրացնելով այնքան, մինչև փայտանյութը դառնում է թելանման փուխր զանգված։ Այդ զանգվածը ենթարկվում է ամենաբազմազան գործողությունների, մինչև նրանից ստացվում է այն նյութը, որից պատրաստում են թուղթը։ Ապա աշխատել է սկսում թուղթ պատրաստող ավտոմատ մեքենան։ Այդ զարմանահրաշ մեքենան հարյուր մետրից ավելի երկարություն ունի և եռահարկ շենքի բարձրություն։ Անցնելով նրա միջով` խոնավ ու փուխր թղթազանգվածը