Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Թո՛ղ շունը քնի կամ պահպանի տունը, կատուն իր գործն ունի։ Նա կարող է համբերությամբ, ժամերով հսկել մկան բույնը. միայն պոչի ծայրն է ցնցվում ու մատնում նրա լարված վիճակը։ Բավական է, որ մուկը կամ առնետը գլուխը դուրս հանի... մի ցա՛տկ, և աշխարհից մի կրծող էլ պակասեց։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին խրամատներում «ոչ զինապարտ», սովորական կատուներ էին պահում։ Քարուքանդ եղած հողում սնունդ չգտնելով, կրծողներն սկսել էին բնակություն հաստատել զինվորներին մոտիկ և տարածում էին տուլյարեմիա կոչվող վտանգավոր ու ծանր հիվանդությունը։ Մեր գիտնականները կարողացան նրա դեմն առնել, սակայն այդ գործում փոքր չէր նաև չորքոտանի «աշխարհազորայինների» ծառայությունը, որոնք ոչնչացնում էին մկներին ու առնետներին։ Զարմանալի մաքրասեր են այս կենդանիները։ Նրանք մաքրում են անգամ իրենց ձագերի աղտեղությունները, մինչև որ սրանք կսովորեն հատուկ տեղում հոգալ իրենց պետքերը։ Կատուն շատ խնամքով է լվացվում, և կուշտ ու առողջ կատվի մորթին մետաքսի նման փայլում է։ Շատ հաճելի է, երբ տանը, վառարանի կողքին հանգիստ մռռում է կատուն։ Միայն թե հիմա կատուն ավելի շատ մռռում է կկոցած աչքերով հեռուստացույցի երկնագույն էկրանին նայելիս։

Կարապ

Կարապը, որ ամենախոշոր և ուժեղ թռչուններից է, դեռևս խոր անցյալից համարվում է գեղեցկության ու սիրո, անաղարտության ու քնքշության խորհրդանիշ։ Շատ զրույցներում ու ավանդություններում է գովերգվել կարապը։ Մի հինավուրց լեգենդ կա կարապի երգի մասին, որ այդ չքնաղ թռչունն, իբր, երգում է մեռնելուց առաջ։ Կարապն այդպիսի երգ, իհարկե, չի երգում։ Առհասարակ, նա երգեցիկ թռչունների թվին չի էլ պատկանում, թշշան կարապը կարող է միայն անշտապ կռնչալ, իսկ կանչող կարապը՝ շեփորի բարձր ու հանդիսավոր հնչյուններ արձակել։

Նրանց լավ կարելի է լսել գարնանը, երբ հարավային ձմեռումից վերադարձած կարապները զույգ առ զույգ վեհորեն սավառնում են երկնքում։

Մի անմոռանալի, գեղեցիկ տեսարան է, երբ հսկա, սպիտակ թռչունները ճախրում են ապրիլյան կապուտակ երկնքում։ Բայց կարապն ավելի գեղեցիկ է խուլ անտառի մեկուսի լճում։ Նա թեթև ու անաղմուկ