Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վոլգա գետից դեպի Կասպից ծով և հակառակը։ Թառափի «մանկությունն» անցնում է գետում։ Այստեղ, համեմատաբար ծանծաղ տեղերում, հատակի գլաքարերի մեջ փոքրիկ ձկնկիթներից դուրս են գալիս թրթուրները։ Նրանք աճում են, ամրանում և կերպարանափոխվում խլվլան մատղաշ ձկնիկների։ Հետո երիտասարդ թառափները լքում են իրենց ծննդավայրը և ուղղվում դեպի ծով։ Այստեղ նրանց համար առատ կեր կա՝ խեցգետնիկներ, թրթուրներ, միջատներ։ Հասուն թառափները հարձակվում են նաև ձկների վրա։ Չէ՞ որ շատ թառափներ ունենում են մինչև 3 մ երկարություն և մինչև 200 կգ քաշ։ Երբ գալիս է ձկնկիթ դնելու ժամանակը, թառափները նորից ճանապարհ են ընկնում դեպի գետ։ Նրանք կտրում անցնում են տասնյակ, երբեմն, նույնիսկ, հարյուրավոր կիլոմետրեր, այն էլ՝ ջրի հոսանքին հակառակ։ Սակայն ձկները համառորեն լողում են դեպի գետի վերին հոսանքները։ Ոչինչ չի կարող նրանց կանգնեցնել՝ ո՛չ բուռն հորձանուտը, ո՛չ էլ սահանքները։ Իսկ ամբարտակներով ձկներն անցնում են կամ վերելակի օգնությամբ (ընկնելով ջրով լի խցիկների մեջ՝ բարձրանում են ջրամբար), կամ էլ հատուկ ձկնանցումներով` հատուկ ջրասանդուղքով, որի յուրաքանչյուր աստիճանը մի փոքրիկ ջրավազան է։ Ձուկը բարձրանում է նախ առաջին ջրավազանը, ապա երկրորդը, երրորդը, մինչև վերջապես անցնում է ամբարտակը։ Վերելակը կամ ձկնանցումը հեշտությամբ գտնելու գործում ձկներին «օգնում» են ուղղորդիչ ցանցերը։ Բայց և այնպես, ճանապարհի վիթխարի կառույցները ձկներին խանգարում են հասնելու իրենց ընտել ձվադրավայրերը, ուր նրանք ձկնկիթ են դնում։ Այդ պատճառով էլ գնալով սակավանում է թառափազգիների ողջ ընտանիքը՝ և՜ ստերլետը, և՜ սևրյուգան, և՜ բելուգան։ Հապա ի՞նչ անել։ Չէ՞ որ այս ձկները հռչակված են չափազանց համեղ և նուրբ մսով, ողջ աշխարհում բարձր է գնահատվում նաև նրանց նշանավոր սև խավիարը։ Այս խնդրի լուծմանն օգնում են ձկնաբուծական մասնագիտացված գործարանները։ Այստեղ հավաքում են որսած էգերից ստացված ձկնկիթը։ Հետո հատուկ ինկուբատորներում ձկնկիթից դուրս են գալիս թրթուրները, որոնց աճեցնում են բետոնապատ ջրավազաններում։ Այնուհետև ձկնիկներին փոխադրում են արհեստական լճակներ, որտեղից հետո միանգամից ազատ են արձակում միլիոնավոր մատղաշ ձկների։

Թատրոն

Հավանաբար, դուք արդեն եղել եք թատրոնում և, սպասելով վարագույրի բացվելուն, մի անիմանալի հուզմունք ապրել։ Ահա վերջապես վարագույրը բացվում է, և ձեր առջև, բեմի վրա, ծայր է առնում մի յուրօրինակ կյանք։ Ակամայից դուք սկսում եք ապրել ներկայացման հերոսների ուրախություններով ու վշտերով, և ինքներդ էլ, ասես, դառնում ծավալվող իրադարձությունների մասնակիցներ։ Թատրոն են անվանում ոչ միայն այն շենքը, ուր տեղի են ունենում ներկայացումները։ Թատրոնն առաջին հերթին արվեստի առանձին տեսակ է։ Թատերական արվեստը որևէ իրադարձություն վերահաղորդում է այնպես, ինչպես դա կարող էր տեղի ունենալ կյանքում։ Թատրոնը ծնունդ է առել Հին Հունաստանում։ Սկզբում թատերական ներկայացումներն այգեկութի ավարտին նվիրված տոնահանդեսներ էին։ Այդ ժամանակներից թատրոնը շատ է փոխվել, բայց միշտ էլ կարևոր տեղ է գրավել մարդու կյանքում։ Այն փառաբանել է մարդկային խորունկ միտքը, ուժեղ ու համարձակ զգացմունքները։ Ծաղրել է արիստոկրատներին, հարուստներին ու տերտերներին, ցույց տվել հասարակ մարդկանց բարությունը, ազնվությունն ու խելքը։