Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են բուրումնավետ ու թարմացնող թեյի ըմպելիքը։ Թեյը լինում է սև ու կանաչ, սորուն և ձողաձև, աղյուսաձև ու սալիկաձև մամլած։ Բայց մինչև մեր սեղանին հասնելը թեյի յուրաքանչյուր տերև ենթարկվում է բազմաթիվ գործողությունների. այն թառամեցնում են, ոլորում, չորացնում, տեսակավորում և փաթեթավորում։ Այդ ամենը կատարում են մեքենաները։ Իսկ մարդիկ հետևում են, որ թեյը չկորցնի իր արժեքավոր հատկությունները, նրա մեջ պահպանվեն կոֆեինը, տանինը և եթերայուղերը։ Կոֆեինն առաջացնում է առույգության զգացում, տանինն ըմպելիքին տտիպ համ է հաղորդում, իսկ եթերայուղերը` հաճելի բույր։

Թենիս

«Ի՛նչ մի դժվար բան է որ, գնդակը մի կողմից մյուսը նետիր, ու վերջ...»– հաճախ կարելի է լսել առաջին անգամ թենիսի խաղը դիտող մարդուց։ Բայց բավական է, որ նա ռակետը ձեռքին մտնի խաղահրապարակ՝ կորտ, և թենիսի մասին նրա պատկերացումն իսկույն կփոխվի։ Սկսնակի հարվածից գնդակը կամ ցանցին է դիպչում, կամ էլ դուրս թռչում խաղահրապարակից։ Որոշ ժամանակ մարզվելուց հետո միայն համոզվում ես, որ թենիսը շատ բարդ խաղ է։ 1874 թ. Անգլիայում հրապարակվեցին լաուն-թենիսի (անգլերեն «լաուն»՝ «մարգագետկիկ» և «թենիս», հավանաբար, ֆրանսերեն «թենե»՝ «ահա ձեզ, վերցրեք» բառերից) կանոնները, որոնք մոտ են թենիսի խաղի ներկայումս գործող կանոններին։ Գնդակին ռակետով կարելի է հարվածել կամ այն բանից հետո, երբ այն խաղահրապարակի մակերևույթից վեր է ցատկում առաջին անգամ, կամ էլ ընթացքից։ Խաղի կանոններով չի թույլատրվում, որ գնդակը գետնին դիպչի երկրորդ անգամ։ Միավորներն սկսում են հաշվել նետումից՝ այն առաջին հարվածից, որով գնդակը ցանցի վրայով ուղարկվում է նետման երկու դաշտերից որևէ մեկը (յուրաքանչյուր նետում թույլատրվում է կատարել երկու անգամ)։ Առաջին և երկրորդ գնդակները շահելու դեպքում տրվում է 15-ական միավոր, երրորդի դեպքում՝ 10 միավոր։ Չորրորդ գնդակը շահելը նշանակում է հաղթանակ։ 40:40 հաշվից հետո հարմարության համար միավորները գրանցվում են «հավասար», «ավելի», «պակաս» բառերով։ «Պակաս» հաշվի դեպքում նետողի կողմից միավորի կորուստը նշանակում է պարտություն տվյալ խաղում (որը թենիսում կոչվում է գեյմ) «առավել» հաշվի դեպքում միավոր շահելը՝ հաղթանակ տվյալ խաղում (գեյմում)։ Մեկ գեյմի ընթացքում նետում է նույն խաղացողը, հաջորդին՝ մյուսը։ Խաղափուլը (պարտիան) շահելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան վեց գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան երկու գեյմի առավելության։ Անհատական կամ զույգերով (երկուսը երկուսի դեմ) մրցախաղը (հանդիպումը) կազմված է լինում երեք կամ հինգ խաղափուլից։ Խաղում են սպիտակ գծերով նշագծված հարթ հրապարակում։ Խաղահրապարակը կարող է լինել հողածածկ, կավավազային, ասֆալտապատ, բետոնապատ, ցեմենտապատ, պլաստիկապատ, փայտածածկ կամ էլ խոտածածկ։ Մեր հանրապետությունում գործում են թենիսի մասնագիտացված դպրոցներ, ուր կարող եք հաճախել նաև դուք՝ մարզվելու այդ գեղեցիկ մարզաձևում։

Թևավոր խոսքեր

«Հնարավո՞ր բան է, արդյոք, որ թև ունենա նաև խոսքը, ինչպես, օրինակ, թռչունը»,- երևի կմտածեք դուք այս զրույցի վերնագիրը կարդալուց հետո։ Անշուշտ, ոչ։ Պարզապես, փոխաբերական իմաստով