Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև մարդկանց օգնում են գտնելու պատերազմի տարիներին կորցրած հարազատներին։ Հավանաբար, ձեր դպրոցում ևս կա թիմուրականների խմբակ, որի աշխատանքներին մասնակցում եք նաև դուք՝ խիզախ ու արդարամիտ, բարի ու համեստ, փորձանքի մեջ ընկածին անձնուրացաբար օգնության հասնող Թիմուրն ապրում է յուրաքանչյուր տղայի ու աղջկա մեջ։ Նա և իր ընկերներն ամենուր են, այնտեղ, ուր հարկավոր են ճարպիկ ձեռքեր ու հավատարիմ, ջերմ սրտեր։ Մեր ողջ լայնարձակ հայրենիքն է թիմուրականների գործունեության ասպարեզը։

Թոմ Սոյեր և Հեք Ֆինն

Ավելի քան հարյուր տարի առաջ ամերիկյան փոքրիկ ու խուլ մի քաղաքում ապրում էին երկու տղա՝ Թոմ Սոյերն ու Հեքլբերի Ֆիննը։ Թոմը շատ հնարամիտ ու անհանգիստ տղա էր։ Նրա համար տունն էլ, դպրոցն էլ ձանձրալի էին։ Իսկ Հեքը տուն էլ չուներ, ապրում էր գետափին, մի հին տակառի մեջ։ Թոմին զզվեցրել էին ուսուցչի ամենօրյա պատիժները, քահանայի քարոզները, որը երեխաներին ստիպում էր անգիր անել սրբերի մասին հորինված տաղտկալի պատմությունները։ Թոմ Սոյերն ու Հեք Ֆիննը ամերիկացի նշանավոր գրող Մարկ Տվենի երկու վիպակների («Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆիննի արկածները») հերոսներն են։ Գրողի իսկական անունը Սեմյուել Լենգհոռն Բլեմենս է։ Նրա գրքերով հրապուրվում են աշխարհի բոլոր երեխաները։ Այդ գրքերը, որ առանց ծիծաղի հնարավոր չէ կարդալ, լի են հրաշալի ու զվարճալի պատմություններով։ Բայց չկարծեք, թե ամեն բան այնտեղ զվարճալի է։ Դուք կտեսնեք, թե ինչ արիություն են ցուցաբերում երկու տղաներն էլ, երբ բախվում են մարդկային անարդարությանը։ Անմեղ մարդուն բանտ են նետել, դատապարտել մահապատժի, իսկ տղաներին հայտնի մարդասպանը շրջում է ազատ։ Եվ չնայած ընկերների համար շատ սարսափելի էր, բայց նրանք կարողացան փրկել անմեղ մարդուն։ Իսկ հետո այ թե նրանց բախտը բերեց։ Թոմն ու Հեքը մի մեծ գանձ գտան։ Նրանց «երջանկությունն» իրարանցում առաջացրեց քաղաքում։ Այնտեղ, ուր միայն փողն է գնահատվում, նման հաջողությունը մարդուն դարձնում է ոչ միայն ճանաչված, այլև հարգված։ Իսկ ինչպես վարվեցին մեր հերոսները։ «Չեմ ուզում ապրել զզվելի ու հեղձուցիչ տան մեջ»,– ասաց Հեքը։ Եվ Թոմ Սոյերը միանգամայն համաձայն էր ընկերոջ հետ, նա ևս ամեն ինչից շատ ազատությունն ու արկածներ էր սիրում։ Հետո Հեքը մի կղզում պատահաբար հանդիպեց նեգր Ջիմին, որը փախել էր տիրոջից։ Հեքն, իհարկե, առանց երկար-բարակ մտածելու Ջիմին օգնեց փրկվելու։ Ծանր պահին Հեքին օգնության հասավ նաև Թոմը։ Թեև այս գրքերը գրվել են վաղուց, այնուամենայնիվ, այսօր էլ ընթերցողներին սիրելի են այդ անվեհեր ու հնարամիտ տղաները։