Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կստանա իրեն անհրաժեշտ տարածությունը: Իսկ ապագայում, հնարավոր է հին քաղաքների վերևում բարձր սյուների վրա վեր խոյանան տների ամբողջ թաղամասեր:

Մի առասպել կա այն հսկայի մասին, որն իր սեփական ծանրությունից մինչև ծնկները խրվեց հողի մեջ։ Մեր քաղաք հսկաներն էլ գնալով ավելի խորն են ընկղմվում գետնի մեջ. տների նկուղներն ու ջրմուղի խողովակները, ստորգետնյա ավտոտնակներն ու մետրոն: Բայց, այնուամենայնիվ քաղաքի մեծ մասը երկրի մակերևույթին է: Իսկ միթե չի կարելի այն ավելի խորն իջեցնել գետնի տակ, եթե գետնի վրա տեղը նեղ է։

Այդպես ծագեց ստորգետնյա քաղաքաշինության գաղափարը: Ոչ ոք, իհարկե, չի պատրաստվում ամբողջ քաղաքն իջեցնել գետնի տակ և մարդկանց ստիպել ապրելու գետնափորներում: Գետնի տակ կարելի է կառուցել երկաթուղային կայարանները, պահեստները, արխիվներն ու գրապահոցները, կինոթատրոնները և նույնիսկ թանգարանները: Իսկ հետո նաև գործարաններն ու ֆաբրիկաները, որոնք մոտ ապագայում կաշխատեն ինքնակառավարմամբ, բանվորը կառավարման վահանակի մոտ է լուսավոր տաղավարում, իսկ արտադրամասը գետնի տակ:

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան զբոսայգիներ ու մարզադաշտեր կկառուցվեն ազատված տարածություններում, ինչպես կմաքրվի քաղաքի օդը, երբ մեքենաների գրեթե ամբողջ հոսքն իջնի գետնի տակ:

Երկրագնդի վրա կան այնպիսի վայրեր, ուր վնասակար տարերքից պաշտպանվելու համար ավելի լավ է թափանցիկ գլխարկ հագնել: Օրինակ, կիզիչ անապատներն ու Ծայր հյուսիսը: Մի տեղ 50 աստիճանի հասնող շոգ ու ավազահողմեր են, մյուսում 50 աստիճանի սառնամանիք ու ձյունահողմեր։ Իսկ մարդիկ աշխատում են և՛ բևեռում, և՛ անապատում: Բոլորը հո չեն կարող տիեզերագնացի սաղավարտ հագնել։ Նշանակում է՝ այդպիսի սաղավարտ, այդպիսի թափանցիկ գլխարկ հարկավոր է հագցնել քաղաքին, ուր հնարավոր կլինի արդեն արհեստական կլիմա ստեղծել։ Եվ այն ժամանակ մեր մոլորակի ամենածայր հյուսիսում էլ մարդիկ կկարողանան փողոց դուրս գալ առանց վերարկուի, իսկ շիկացած անապատում տների բաց պատուհաններից ներս կթափանցի մեղմ ու թարմ զեփյուռը և զովություն կբերի մարդկանց:

Ճարտարապետները ապագայի քաղաքները նախագծում են՝ օգտագործելով տեխնիկայի բոլոր նվաճումներն ու գիտության կանխատեսումները: Եվ նախագծում են մարդկանց համար: Աշխատանք և քնարական գեղեցկություն բնություն և անդորր հարմարավետություն և հանգստություն, ահա թե ինչ կտան մեզ ապագայի քաղաքները, ուր մենք ապրելու ենք վաղը:


Ապակի

Եգիպտոսում հնագիտական պեղումներ կատարելիս գիտնականները գտան ապակե մի հիասքանչ սկահակ։ Սկահակը գեղեցիկ ձև ուներ և պատրաստված էր ամենաբարձրորակ ապակուց: Որոշեցին գտածոյի տարիքը, պարզվեց, որ սկահակը պատրաստվել է գրեթե 3 հզ տարի առաջ։ Հին Եգիպտոսում ապակուց պատրաստում էին զանազան զարդեր, ամանեղեն: Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը մնում էր ապակեգործության կենտրոն, որտեղից ապակե առարկաներ էին արտահանվում շատ երկրներ:

Պեղումները գիտնականներին օգնեցին պարզելու նաև, որ Ռուսիայում ևս պատրաստում էին ապակե զարդեր, ինչպես նաև հատուկ ապակի տաճարները զարդարող խճանկարների համար:

Հին Հայաստանում նույնպես ապակե զարդերն ու առարկաները լայնորեն տարածված էին։ Պեղումների օգնությամբ Լճաշեն բնակավայրի դամբարաններում, օրինակ, հայտնաբերվել են 3 հզ տարի առաջ պատրաստված ուլունքներ, Կարմիր բլուրում՝ անոթներ, այլ հուշարձաններում (որոնց մասին դուք կարող եք իմանալ ընթերցելով «Հնագիտական պեղումներ» զրույցը) ճարմանդներ, կնիքներ և շատ ուրիշ առարկաներ։ Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր էին պատրաստում, հիմնականում, Դվինում և Անիում, որոնք տարբեր ժամանակ եղել են Հայաստանի մայրաքաղաքները։

Այդ իրերն իրենց որակով չէին զիջում ժամանակի ապակեգործության լավագույն նմուշներին և նույնպես արտահանվում էին օտար երկրներ: Այդ հին ժամանակներից ի վեր ապակեգործությունն, անշուշտ խիստ փոփոխություններ է կրել։

Զարմանալի նյութ է ապակին։ Վերցնում են միանգամայն անթափանցիկ սպիտակ