Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստղեր

Աստղերը երկնքում երևում են փոքրիկ թարթող կրակների նման։ Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած, գազային հսկա գունդ է, որը կազմված է, հիմնականում, ջրածնից և հելիումից։ Արեգակն աստղերից մեկն է, իսկ աստղերը մեզանից շատ հեռու գտնվող արեգակներ են:

Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած, դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների։ Ենթադրվում է, որ այդպիսի պայմաններում ջրածինն աստիճանաբար փոխարկվում է հելիումի։ Նման փոխարկումներն անվանում են միջուկային ռեակցիաներ: Այդ ռեակցիաների ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների:

Այսպես, օրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», այսինքն՝ յուրաքանչյուր վայրկյանում իր քաշից կորցնում է 4 մլն․ տոննա։ Նյութի այդ քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են, ճառագայթման։ Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ․ ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված 50 վագոնից:

Մ՛ի վախեցեք, չնայած այդպիսի վատնողությանը, Արեգակի նյութի պաշարներն այնքան շատ են, որ Արեգակն ու մյուս աստղերը միլիարդավոր տարիներ կարող են մնալ որպես ինքնալուսարձակող մարմիններ:

Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից։ Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին։ Բայց կան թզուկ աստղեր, որոնք նույնիսկ Երկրից փոքր են:

Չնայած աստղերի չափերը տարբեր են, սակայն յուրաքանչյուր աստղում նյութի քանակությունը մոտավորապես նույնն է: Այդ պատճառով հսկա աստղերը շատ նոսր են, իսկ թզուկ աստղերը, ընդհակառակը, մեծ խտություն ունեն։ Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն։ Նրանց մակերևույթի ջերմաստիճանը 10 հազարից մինչև 100 հզ․ աստիճան է: Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2-3 հզ․ աստիճանը: Մեր Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին, նրա մակերևույթի ջերմաստիճանը 6 հզ․ աստիճան է:

Մութ գիշերին ամբողջ երկնքում անզեն աչքը տեսնում է մինչև 6 հզ․ աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր։ Ամենապայծառ, երկնակամարում նշմարելի աստղերը հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում։ Յուրաքանչյուր համաստեղություն նրանք անվանել են, որպես կանոն, հեքիաթային, առասպելական մի անունով։ Այդպես են ասպարեզ եկել Մեծ արջ, Կասիոպեա, Եզնարած և այլ համաստեղությունները (այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Համաստեղություններ» զրույցում):

Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են։ Միևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:

Սակայն կան իրար շատ մոտ գտնվող աստղեր։ Աստղերի այդպիսի զույգերը կոչվում են կրկնակի աստղեր։ Հայտնի են նաև բազմակի աստղեր՝ մի քանի աստղերի համախմբություններ: Եվ վերջապես, Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ, աստղակույտերի հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ։

Որոշ աստղեր փոխում են իրենց պայծառությունը, և դրանց անվանում են փոփոխական աստղեր։

Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ և այդ ժամանակ նախկինում անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկվում է և դառնում տեսանելի (երբեմն նույնիսկ ցերեկը), այդպիսի աստղերը կոչվում են նոր ու գերնոր։ Ենթադրվում է, որ նրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում շատ փոքրիկ, բայց և չափազանց խիտ։ Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ այդ նյութի քորոցի գլխիկի մեծության գնդիկը կկշռեր մոտ 100000 տոննա։

Աստղերի աշխարհը շատ բազմազան է և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք։

Աստղիկ

Արածանի գետը, որ հոսում է Արևմտյան Հայաստանի Մշո դաշտով, Կնճան սարի մոտ անցնում է նեղ կիրճով ու գ՜ուռ-գո՜ւռ