Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կախարդանքն անհեթեթություն է: Նա համարձակվում է անգամ ասել, որ ինքը` ամենակարող աստվածն իսկ ամենազոր չէ: Տաս տարեկանում արդեն Իբն Սինան գիտեր հանրահաշիվ, երկրաչափություն և նույնիսկ, փիլիսոփայություն, կարող էր թվարկել և ցույց տալ բոլոր համաստեղությունները, իսկ իր հարցերով շփոթության մեջ էր գցում ուսուցիչներին: Դժվար է հավատալը, բայց Բուխարայում տասներկուամյա պատանուն օրենքների լավագույն գիտակ էին համարում: Նրա մոտ խորհրդի էին գալիս ծերերը: Սակայն մաթեմատիկան և ֆիզիկան, աստղագիտությունն ու փիլիսոփայությունը Իբն Սինային կյանքից կտրված էին թվում։ Չորս կողմը մոլեգնող ժանտախտն ու ծաղիկը մարդկային հազարավոր կյանքեր էին խլում: Եվ Իբն Սինան վճռեց, որ ինքը պետք է բժիշկ դառնա: Այդ ժամանակ արևելյան փորձառու բժիշկներն անգամ երբեք չէին տեսել մարդու սիրտը, լյարդը, թոքերը, ոչինչ չգիտեին արյան շրջանառության համակարգի մասին, որովհետև մահմեդականության կրոնական ուսմունքը մահվան սպառնալիքով արգելում էր դիահերձումը: Իբն Սինան հասկանում էր, որ անհնար է մարդուն բուժել կուրորեն։ Եվ նա խախտեց մահմեդականության արգելքը` ենթարկվելով անարգանքով օտար երկրներ վտարվելու վտանգին։ Նա սկսեց հերձել մեռածներին և ուսումնասիրել մարդու մարմնի կառուցվածքը: Եվ ահա զարմանալի պատանի բժշկի մասին արդեն խոսել սկսեցին Բուխարայում և Խորեզմում, ամեն տեղից նրան էին դիմում տառապյալները, իմանալով, որ անպայման կօգնի: Շատերն էին ուզում նրա աշակերտը դառնալ։ Իբն Սինան սովորեցնում էր ոչ միայն բժշկելու, այլև` մարդուն կարեկցելու արվեստը: Բժշկագիտության իր փորձը և փիլիսոփայության հանրահաշվի, աստղագիտության ու քիմիայի վերաբերյալ հարուստ գիտելիքները նա շարադրել է «Գիրք ապաքինության», «Կանոն բժշկության» և «Գիրք գիտության» աշխատություններում: Գրականության մեջ անգամ նա հետք է թողել իր «քառյակներով»։ Նա ծանոթ է եղել Դավիթ Անհաղթի գործերին, իսկ միջնադարյան հայ բժշկագետներ Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին բարձր են գնահատել նրա բժշկագիտական հայացքները և նրան համարել «մեծ իմաստասեր»:

Ավստրալիա

Սա մի զարմանալի մայր ցամաք է` տարօրինակ ճակատագրով: Եվ ոչ միայն նրա համար, որ եվրոպացիները հայանաբերել են այն Ամերիկայից շատ ավելի ուշ, ոչ էլ նրա համար, որ հեռավոր Ավստրալիան յուրացնողների մեջ կային հանցագործներ, որոնք այստեղ էին աքսորվել Անգլիայից։ Ոչ: Զարմանալին սկսվել էր շատ ավելի վաղ, մոտավորապես 100 մլն տարի առաջ, երբ Ավստրալիան հարակից կղզիներով անջատվեց մնացած ցամաքից: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Երկրի վրա արդեն հայտնվել էին կաթնասունները, բայց նրանց մեծ մասն իրենց նախնիների մողեսների նման ձու էր դնում: Իսկ նրանք, որոնք արդեն սկսել էին կենդանի ձագեր ծնել, սրանց լույս աշխարհ էին բերում թերզարգացած ու թույլ։ Այդ ձագերը մորից առանձին ապրել չէին կարող, և մայրը նրանց կրում էր իր փորի վրա` մորթու ծալքերից առաջացած պարկում: Այդտեղ ձագերը սնվում էին մայրական կաթով և հասունանում: Ավստրալիայի