Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրի այդ կետը: 1912 թ. ռուս ճանապարհորդ Գեորգի Սեդովի կազմակերպած ռուսական առաջին արշավախումբը «Սուրբ Փոկաս» նավով ճանապարհվեց դեպի Հյուսիսային բևեռ: Արշավախումբը Հյուսիսային բևեռ չհասավ, որովհետև ցարական իշխանություններից օժանդակություն չստացավ և, դրանից զատ, վատ էր հանդերձավորված։ Գեորգի Սեդովը զոհվեց, սակայն մինչ այդ նա արժեքավոր շատ դիտումներ էր կատարել, որոնք հետագայում օգտագործեցին սովետական գիտնականները: 1929 թ Արկտիկայի այդ ականավոր հետազոտողի պատվին նրա անունը կրող հրվանդանի մոտ կառուցվեց բևեռային աստղադիտարան։

Առաջինը սովետական գիտնականներն են սկսել կանոնավորապես հետազոտել Արկտիկայի բնությունը։ Վ. Ի. Լենինի առաջարկությամբ կազմակերպվեց Արկտիկայի հատուկ ինստիտուտ, որը գտնվում էր Լենինգրադում: Գիտահետազոտական նավերից կազմված արշավախմբերն սկսեցին ուսումնասիրել և յուրացնել Հյուսիսային ծովային ճանապարհը, որն անցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով։ Դա ամենակարճ ճանապարհն է Մուրմանսկ ու Արխանգելսկ նավահանգիստներից դեպի Հեռավոր Արևելքի նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրելու համար: Հյուսիսային ծովային ճանապարհով նավարկություն հաստատելը շատ կարևոր էր: Առանց այդ ճանապարհի դժվար է Սովետական Արկտիկայի հարստություններն օգտագործելը։ Չէ՞ որ Սովետական Միության Ծայր Հյուսիսի ընդերքում թաքնված են նիկելի, պղնձի, ոսկու, նավթի պաշարներ։ Բայց այդ ճանապարհը դժվարանցանելի է։ Այնտեղով կարելի է նավարկել միայն ամռանը, քանի որ օվկիանոսը տարվա մեծ մասը սառցապատ է։

Որպեսզի նավերը կարողանան մեկ ամառվա ընթացքում անցնել Հյուսիսային ծովային ճանապարհով, հարկավոր է ամեն ինչ իմանալ եղանակի, սառույցների շարժման, ամբողջ Արկտիկայի, այլ ոչ թե միայն ափերի մոտով անցնող ծովային հոսանքների մասին։ Այդ ամենը պարզելու համար 1937 թ. սովետական չորս գիտնականներ պատմության մեջ առաջինը վայրէջք կատարեցին Հյուսիսային բևեռի շրջանում, դրեյֆող սառցաբեկորի վրա: Ձմեռումը ղեկավարում էր Ի. Դ. Պապանինը։ Չնայած խստահունչ սառնամանիքներին, ձյունամրրիկներին ու բևեռային գիշերվան, պապանինականները կանոնավորապես ուսումնասիրեցին Արկտիկայի բնությունը։

Այժմ «Հյուսիսային բևեռ» դրեյֆող գիտակայաններ կան Արկտիկայի բոլոր շրջաններում: Ձմեռող գիտնականներն այդ կայաններում մշտական դիտումներ են կատարում։ Ամեն օր ռադիոյով տեղեկություններ են հաղորդում եղանակի և օվկիանոսի վիճակի մասին։ Այդ հաղորդումներն օգտագործվում են ամբողջ աշխարհում՛։

1955 թ. սկսած այն դրեյֆող սառցաբեկորների վրա, ուր բևեռախույզների կայաններ չկան, ամեն տարի տեղակայում են ավտոմատ կայաններ, որոնք հետևում են եղանակին և սառույցների շարժմանը։

Սովետական բևեռախույզները բացահայտել են Արկտիկայի բազմաթիվ գաղտնիքներ: Օրինակ, դեռ պապանինականները պարզեցին, որ Հյուսիսային բևեռի շրջանում չկա ոչ մի կղզի ու երկիր։ Ավելի ուշ ուրիշ բևեռախույզներ Սառուցյալ օվկիանոսի հատակին հայտնաբերեցին 1800 կմ երկարությամբ մի բարձր լեռնաշղթա, որը կոչեցին Մ. Վ. Լոմոնոսովի անունով։

Արկտիկան արդեն սպիտակ անապատ չէ: Սառուցյալ օվկիանոսի ափերին աճել են ծովային նավահանգիստներ, քաղաքներ ու ավաններ։ Տարեցտարի Հյուսիսային ծովային ճանապարհով կատարվող շարժումն ավելի է աշխուժանում: Սովետական ծովայինները, պատմության մեջ առաջին անգամ, այդ ճանապարհով նավերի կարավանով անցան ոչ թե ամռանը, ինչպես սովորաբար, այլ ձմռանը։ Այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ Ծայր Հյուսիսում աշխատեն ու ապրեն նույնպիսի բարեկեցիկ պայմաններում, ինչպես մեր հայրենիքի մյուս շրջաններում։

Արկտիկայի մասին կարդացեք հետևյալ գրքերը.

Членов А. Ф., Твоя Арктика, М., «Дет. лит.», 1972.
Балигин Л. С., «Дет. лит.», 1964.


Արմավենի

Հավանաբար, ամեն ոք էլ արմավենի տեսել է, եթե ոչ այգում, ապա գոնե սենյակում թաղարով։ Որոշ արմավենիների բարձր բունը հարթ է, մերկ, մյուսներինը՝