Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ երբեմնի ամրոց էր իսկ այժմ բանտ: Օդում թևածում էր համատարած մի ճիչ «Առաջ դեպի Բաստի-իլ»։ Արևի տակ փայլատակում էին դանակների պողպատե սայրերը նիզակներն ու տեգերը։ Մեկի ձեռքին մուշկետ էր, մյուսի՝ կացին կամ մահակ, երրորդը թափահարում էր ատրճանակը, իսկ ոմանք էլ՝ տեղնուտեղը պատից պոկած աղյուսը կամ սալաքարը: Թմբուկները ահազանգ էին խփում. «Դեպի Բաստիլ»: Ահա և Բաստիլը. քարե ութ բարձր աշտարակներ, 30 մետրանոց վիթխարահասակ ատամնավոր պատեր, շուրջը խորխանդակ` շղթայավոր ամբարձիկ կամրջով: Ֆրանսիական թագավորներն այդ ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց հետո սկսեցին Բաստիլում բանտարկել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեին պայքարել թագավորների կամայականությունների դեմ կամ, նույնիսկ, ամենափոքր իսկ դժգոհությունը կարտահայտեին: Երկաթե դռներով քարե նեղ խցերում տասնյակ տարիներով հեծում էին շղթայակապ կալանավորները։ Քաղց, ցուրտ, խավար, խոշտանգումներ: Բաստիլ ընկնողն անհետանում էր ընդմիշտ: Ժողովրդի մեջ վաղուց էր ատելություն կուտակվել թագավորի և անբան պալատականների հանդեպ, որոնք ապրում էին ճոխության մեջ և քայքայում երկիրը: Եվ ահա եկավ պահը, երբ այդ ատելությունը դուրս հորդեց, Վերսալում (Փարիզից ոչ հեռու) հավաքված ժողովրդական լիազորները որոշեցին հաստատել պետական նոր կարգ, սահմանափակել թագավորի իշխանությունը։ Լյուդովիկոս 16-րդ թագավորը վարձկան զորքեր ուղարկեց նրանց դեմ: Այդժամ դեպի Բաստիլ շարժվեց Փարիզի ողջ բնակչությունը: Նրանք ցանկանում էին գրավել այնտեղ թաքցրած զենքը, ազատել բանտարկյալներին: Թնդանոթների կրակը կտրեց ամբարձիկ կամրջի շղթաները: Մարդիկ ներխուժեցին ամրոց. նրա վրա արդեն սպիտակ դրոշ էր ծածանվում, կայազորը, տեսնելով, որ դիմադրությունն անօգուտ է, հանձնվեց: Պահակները բերեցին բանտախցերի բանալիները։ Համընդհանուր ցնծության մեջ ազատեցին բանտարկյալներին։ Ժողովուրդը տոնում էր հաղթանակը: Բաստիլը գրավված է։ Անմիջապես գործի դնելով լինդերն ու քլունգները` հաղթողներն սկսեցին քանդել իրենց համար այնքան ատելի Բաստիլը: Մեկ տարի անց Բաստիլը հիմնահատակ կործանված էր: Այսպես, 1789 թ հուլիսի 14-ին Փարիզի աշխատավորներն ուժեղ հարված հասցրին թագավորական իշխանությանը: Բաստիլի գրոհով և գրավումով սկսվեց հեղափոխություն, որի հետևանքով երկիրը թոթափեց ազնվականների լուծը: Դա մեծ հաղթանակ էր: Հուլիսի 14-ը Ֆրանսիայում ամեն տարի նշում են որպես ազգային տոն: Այդ օրը մարդիկ դուրս են գալիս փողոց, երգում են, պարում, նշում հաղթանակը։ Դրա համար էլ ամրոցի պատից պոկված մի բեկորի վրա գրված է. «Այստեղ պարում են»: