Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռևս երեխա ժամանակ նա շատ էր լինում անտառում, ագահորեն ականջ դնում ծեր որսորդների պատմություններին։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչի մասին են «խոսում» թռչունները, ինչու իրար նման չեն ձկնկուլի ոտքն ու խլուրդի թաթը, ինչու մի կենդանին իր բույնը շինում է ծառերին, մյուսը ջրի վրա կամ ջրի տակ: Համալսարանն ավարտելուց հետո Վիտալի Բիանկին արշավախմբերի հետ եղավ Սովետական Միության բազմաթիվ վայրերում: Անտառի մասին պատմող իր զրույցներում ու հեքիաթներում նա պատասխանել է երեխաների բազմաթիվ հարցերին, իսկ դեռահասներին նվիրել իր հետաքրքրաշարժ «Անտառային թերթը»: Սովետական Միության բնության օրացույցը, «Ո՞ւմն են այս ոտքերը», «Ով ինչո՞վ է երգում», «Ո՞ւմ քթիկն է լավը», «Անտառի տնակները», «Մենավորը». Բիանկիի այս և մյուս բոլոր անտառային հեքիաթների պատմվածքների ու վիպակների հիմքում ընկած են անտառի և նրա բնակիչների կյանքի նրա սեփական գիտական դիտումները: Դրանք ստեղծելով` նա ձգտում էր երեխաներին ևս սովորեցնել ինքնուրույն դիտել և ճանաչել հայրենի բնությունը: Անհնար է չսիրել Բիանկիի բրդոտ և փետրավոր սիրելի հերոսներին, երբ նա պատմում է նրանց սովորությունների, ճարպկության, խորամանկության և թաքվելու ու փրկվելու հմտության մասին: Հուզմունքով ենք մենք հետևում «Ծիկ մկնիկը» պատմվածքի հերոս փոքրիկ ճանապարհորդ Ծիկի արկածներին, ծանոթանում խեղճ մրջնիկի հետ, որն ինչ գնով էլ լինի, մինչև արևի մայր մտնելը պետք է տանը լինի: Սպասում ենք, թե երբ թավուտից անաղմուկ դուրս կսահի մացառուտների միջով ճանապարհ բացող ուժեղ ու ճարպիկ Մենավոր իշայծյամը։ Բիանկիի հերոսները ոչ միայն կենդանիներն են, թռչուններն ու միջատները, այլև նրանց պատանի ընկերները։ «Երկպոչ Կուզյան» պատմվածքում Սերգեյկան երազում է որևէ թռչնակ բռնել: «Հետքերի ետևից» պատմվածքում հնարամիտ Եգորկան գլուխը չի կորցնում նույնիսկ այն ժամանակ, երբ գիշերն անտառում նրան շրջապատում են գայլերը: Իսկ առաջին դասարանցի Մայկային նույնիսկ հաջողվում է լինելու իսկական անտառային հեքիաթում («Ամառ ձմռանը»). Բայց ավելի լավ է ինքներդ կարդացեք այդ գրքերը, որոնցից շատերը թարգմանված են նաև հայերեն. դրանք բոլորն էլ հետաքրքիր են:

Բիլինաներ

Բիլինաները ռուսական ժողովրդական ասք-երգեր են: Դեռ շատ վաղուց Ռուսիայում ձմռան երկար գիշերներին կամ վատ եղանակներին մարդիկ հավաքվում էին մի տեղ, ուռկան էին հյուսում, կարկատում ձկնորսական սարքերը, պատրաստում տնային զանազան իրեր, իսկ ասացողը ծոր տալով պատմում էր:

Դե լսեք ինձ, բարի մարդիկ,
Ասքն այս ճիշտ ու իմաստուն:

Առաջին բիլինաները հորինվել են դեռևս Կիևյան Ռուսիայում և երգվել ողջ երկրում։ Այդ բիլինաներն ամենից երկար, գրեթե մինչև մեր օրերը, պատմվում էին հյուսիսում` Սպիտակ ծովի, հյուսիսային գետերի ու լճերի ափերին ընկած գյուղերում ու ավաններում, այնտեղ, ուր

Մամուռ ու ճահիճ է Պոմորյան կողմում,
Քարեր ու կիրճեր Հյուսիսային կողմում,
Սլացիկ ու թավ են անտառները։