Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուրջ 10 հզ էր, իսկ 1880-ական թվականների 2-րդ կեսին մոտ 13 հզ: 19-րդ դարի վերջին Բուլղարիայի տնտեսական ու մշակութային կյանքին ակտիվորեն մասնակցել են հայ մտավորականներ` բժիշկներ, ինժեներներ, իրավաբաններ, ուսուցիչներ, պետական պաշտոնյաներ: Դարավերջին Բուլղարիայի հայաշատ քաղաքներում գործում էին երկսեռ հայկական դպրոցներ: 1912—1913 թվականների Բալկանյան պատերազմների տարիներին Բուլղարիայի հայերը մասնակցեցին Թուրքիայի դեմ բուլղարական բանակի ռազմական գործողություններին: Հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ, զորավար Անդրանիկի գլխավորած հայկական կամավորական ջոկատը արժանացավ բուլղարական կառավարության պարգևների և հատուկ շնորհակալագրի: Բուլղար ժողովրդի մղած հակաֆաշիստական պայքարին մասնակցում էին նաև բուլղարահայ կոմունիստներն ու առաջադեմ մարդիկ, որոնցից շատերը պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 1946 թ ամռանը կազմակերպվեց 6 հզ հայերի ներգաղթը Սովետական Հայաստան: Այսօր էլ Բուլղարիայում շատ հայեր են ապրում (շուրջ 25 հզ.): Բուլղարահայ գաղութը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի` Սովետական Հայաստանի հետ, մասնակցում սովետա-բուլղարական բարեկամության ընկերության կազմակերպած միջոցառումներին (մշակույթի տասնօրյակներ, ցուցահանդեսներ և այլն):

Բույսերի արմատներ

Սերմի սաղմում միաժամանակ գտնվում են թե՛ ապագա ցողունը, և թե՛ սաղմնային արմատիկը: Հետագայում նրանց ճանապարհները կբաժանվեն, ցողունը կձգվի վեր դեպի լույսը, արմատը կուղղվի ներքև` դեպի հողը, և բույսը կկապի հողին։ Բույսը հողում կանգուն պահելը կարևոր գործ է: Բայց արմատի հիմնական աշխատանքը հողից ջուր և «սնունդ»` հանքային աղեր, հայթայթելն է: Բոլոր ուղղություններով հողի մեջ խոր թափանցելու համար արմատները խիստ ճյուղավորվում են: Արմատի ճյուղավորվելու ունակությունը զարմանք է հարուցում. արմատը հարյուրավոր անգամ ավելի շատ է ճյուղավորվում, քան ցողունը: Աշորայի ամեն մի թուփ ամառվա ընթացքում առաջացնում է միլիոնավոր արմատներ և միլիարդավոր մանրագույն մազարմատներ: Եթե դրանք բոլորը միացնենք իրար, կստացվի 600 կմ երկարությամբ մի գիծ: Որքան ուժեղ է զարգացած արմատը, այնքան շատ ջուր և սննդանյութ է հայթայթում հողից, լավ սնուցում բույսը: Արմատի հզորությունը շատ կարևոր հատկանիշ