Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեկ անգամ միլիոնավոր տարիների ընթացքում) կարող է կործանվել միայն գիսավորը:

Ամեն տարի գիտնականները մի քանի նոր գիսավոր են հայտնաբերում: Դրանց մեծ մասը սլանում անցնում է երկրից շատ հեռու և երևում միայն աստղադիտակով։ Անզեն աչքով տեսանելի, պայծառ, մեծ գիսավորները երկնքում հայտնվում են միջին հաշվով, տաս տարին մեկ:

Գիրք

Ահա բացում եք գիրքը աչքերը սահեցնում տողերի ուղիղ շարանով: Անցնում է մի քանի ակնթարթ և դուք արդեն մարտի եք գնում Պավել Կորչագինի հետ կամ էլ երեք հրացանակիրների հետ գլխովին նետվում հրապուրիչ արկածների մեջ։ Գիրքը ձեզ առաջնորդում է թե՛ դեպի տիեզերքի անհունը, թե՛ ծովի անդունդը և թե՛ ատոմի խորքը:

Գիրքն արդեն մի քանի հազար տարեկան է և այդ ընթացքում տարբեր կերպարանք է հագել։ Բաբելոնացիները ասորեստանցիները և ուրիշ հին ժողովուրդներ գրքերը պատրաստում էին կավից՝ սուր ձողիկով հատուկ նշաններ դրոշմելով փափուկ կավե սալիկների վրա։ Ապա այդ սալիկները չորացնում կամ թրծում էին։ Սալիկներից գրքեր էին կազմում, իսկ հետո էլ, նույնիսկ, ստեղծում ամբողջ գրադարաններ։ Աշուրբանիպալ թագավորին (մեր թվականությունից առաջ 7-րդ դար) պատկանող այդպիսի մի գրադարան է հայտնաբերվել Ասորեստանի հնագույն պետության մայրաքաղաքի տեղում հարյուր տարի առաջ պեղումներ կատարելիս:

Իսկ Չինաստանում առաջին գրքերը գրում էին հնդկեղեգից (բամբուկից) պատրաստված շերտիկներին և դրանք շարում ամուր թելի վրա: Ավելի ուշ չինացիներն իրենց գրքերը գրում էին մետաքսի, իսկ մեր թվականության 2-րդ դարից սկսած թղթի վրա վրձնով ու սևաներկով (տուշով):

Հին Եգիպտոսում գրքերի բովանդակությունը փորագրում էին քարե սալիկների վրա։ Այնուհետև հայտնագործեցին պապիրուսը։ Եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձելով պատրաստում էին մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեններ: Այդ ժապավենները գլանաձև փաթաթում էին և այդպես պահում։ Եգիպտական պապիրուսը, իբրև գրելու ամենալավ յյութ, օգտագործում էին նաև Հունաստանում և Հռոմում գրեթե 2 հզ տարի։ Հին աշխարհում ամենամեծ գրադարանը գտնվում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Այն համարել են «աշխարհի ութերորդ հրաշալիքը»։ Ալեքսանդրիայում ուսանելու տարիներին այդ գրադարանից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի աշակերտները, այդ թվում՝ Մովսես Խորենացին:

Մեր թվականությունից առաջ 2-րդ դարում Պերգամոնի թագավորության վարպետները կենդանիների կաշվից պատրաստեցին գրելու նոր նյութ պերգամենտը, որ հայերեն կոչվում է մագաղաթ: Պապիրուսն ու մագաղաթը շատ թանկ էին, դրա համար էլ Հին Հունաստանում սևագրություններն ու նամակները մոմոապատ տախտակի վրա սրածայր փայտիկով։