Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնելը: Ահա այդ ժամանակ օգնության են հասնում ուղեցույցները` գրացուցակները, որ կան ամեն մի գրադարանում։ Երկար արկղիկներում շարված են քարտեր։ Ամեն մի քարտի վրա գրված է գրքի անունը, հեղինակի ազգանունը, իսկ անկյունում մի նշան կա, որ կազմված է տառերից ու թվանշաններից և կոչվում է գրանիշ։ Գրանիշը գրադարակում պահվող գրքի կրճատ հասցեն է: Գրադարանավարը գրանիշին նայելով անմիջապես իմանում է, թե որ գրադարակում պետք է փնտրի գիրքը: Եթե դուք դեռ գրադարանի անդամ չեք, անպայման անդամագրվեցեք: Դրանից հետո դուք կսովորեք օգտվել գրացուցակից: Եթե դուք դեռ գրքեր չեք հավաքում, սկսեք հավաքել: Որոշ ժամանակ անց դուք կունենաք ձեր սեփական գրադարանը: Գրքերն այնտեղ պահեցեք կարգ ու կանոնով և խնամքով, եթե մեկնումեկից գիրք եք վերցրել, մի մոռացեք վերադարձնել և ինքներդ էլ հիշեցեք, թե ում եք գիրք տվել կարդալու: Բայց անպայման ձեր գրքերն ընթերցելու տվեք նաև ընկերներին:

Գրատպություն

-տես Տպագրություն

Գրաֆիկ

Հայր ու որդի պատրաստվում էին մեկնել Կիրովական քաղաքը: նրանք ապրում էին Երևանում, որտեղից դեպի Կիրովական տանում է 150 կմ երկարությամբ ասֆալտապատ խճուղին: «Գնանք ավտոբուսով, առաջարկեց հայրը, մեկնում է առավոտյան ժամը 10-ին, շարժվում է ժամում 45 կմ արագությամբ և ընդամենը երկու կանգառ ունի: Նայիր, հիմա ես կգծեմ ավտոբուսի շարժման գրաֆիկը»: Եվ հայրը սև մատիտով գծեց գրաֆիկի երկու փոխուղղահայաց ուղիղներ և կտրուկ վեր բարձրացող բեկյալ գիծը։ «Հորիզոնական ուղղի վրա ես նշել եմ ժամանակը` արտահայտված ժամերով, իսկ ուղղահայացի վրա` Երևանից եղած հեռավորությունը կիլոմետրերով, ասաց հայրը։ -Ժամը տասին գրաֆիկի գիծն սկսում է վեր բարձրանալ: Տասնմեկն անց կեսին ավտոբուսը կես ժամով կանգ է առնում Ապարանում: Այդ ժամանակամիջոցում Երևանից եղած հեռավորությունը չի ավելանում, ուստի և այստեղ գրաֆիկը հորիզոնական է, ապա գրաֆիկի գիծը նորից վեր է ձգվում, այսինք՝ ավտոբուսը շարունակում է ճանապարհը: Ժամը հինգը դեռ չլրացած` մենք կլինենք Կիրովականում»։ «Ավելի լավ է հեծանվով գնանք, առաջարկեց որդին: Դուրս կգանք առավոտը վաղ, ժամը յոթին, կշարժվենք ժամում 15 կմ արագությամբ: Հինգ ժամում կանցնենք ճանապարհի կեսը, երեք ժամի չափ կհանգստանանք, կնախաճաշենք և նույն արագությամբ կշարունակենք ճանապարհը»: Եվ որդին կանաչ մատիտով գծեց հեծանվային ճանապարհորդության գրաֆիկը։ «Տեսնում ես,-ասաց նա, տասնմեկն անց կեսին կլինենք Ալագյազ գյուղում, իսկ չորսն անց կեսին՝ Սպիտակում։ Կիրովական կհասնենք ժամը ութին»։ Ճանապարհորդությունը շատ հետաքրքրական էր: Բայց այն սկսվեց ոչ թե առավոտյան ժամը յոթին, այլ ութին (գուշակիր, թե ինչո՞ւ) և ընթացավ բոլորովին էլ ոչ այնպես, ինչպես նախատեսված էր։ Նայեցեք այդ ճանապարհորդության գրաֆիկի կարմիր գծին և ասացեք, թե ի՞նչ պատահեց հեծանիվներին: Ի՞նչ արագությամբ էին հեծանվորդները շարժվում առաջին ժամում։ Որտե՞ղ ջարդվեցին հեծանիվները և որքա՞ն ժամանակում հաջողվեց դրանք նորոգել: Որտե՞ղ էին հեծանվորդները շարժվում պլանավորվածից ավելի արագ, ո՞ր ժամերին էին նստել խարույկի մոտ: Ի՞նչ արագությամբ էին շարժվում նրանք խճուղու նորոգվող տեղամասով: Ե՞րբ անցան Ալագյազ գյուղով և հասան Կիրովական: Ընդամենը քանի՞ կիլոմետր անցան հեծանիվներով և քանի՞սը ճանապարհին հանդիպած մեքենայով: Մեր զրույցում հայրն ու որդին կառուցում էին անցած ժամանակից ունեցած կախվածության գրաֆիկը: Բայց տրանսպորտի տարբեր տեսակների շարժման գրաֆիկների չէ միայն, որ դուք կհանդիպեք կյանքում։ Հիվանդանոցներում, որպեսզի ավելի լավ պատկերացնեն հիվանդության ընթացքը, գծում են հիվանդի մարմնի ջերմաստիճանի գրաֆիկը, ինչպես նաև` ջերմաստիճանի կախումը բուժման ժամանակից: Խոշոր գործարանի դիրեկտորի աշխատասենյակում կարելի է տեսնել արտադրական բազմաթիվ