Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրաֆիկներ, օրինակ, պլանի կատարման ընթացքի գրաֆիկը։ Ամեն անգամ, երբ թվային որևէ մեծություն (ճանապարհ, ջերմաստիճան, արտադրանքի քանակ, կշիռ, երկարություն) կախված է թվային մեկ այլ մեծությունից, ապա այդ կախման բնույթն ամենից ավելի ակներև ցուցադրում է գրաֆիկը: Օրինակ, եթե դուք փոքրիկ եղբայր ունեք, որին պարբերաբար կշռում են ու չափում հասակը, ապա դուք կարող եք նկարել նրա մարմնի կշռի և հասակի կախվածության գրաֆիկը: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են պարարտանյութի քանակից բերքի կախվածության գրաֆիկներ։ Վանդակավոր թղթի վրա գծեք տարբեր չափերի քառակուսիներ և հաշվեք դրանցից յուրաքանչյուրի մեջ եղած վանդակների քանակը։ Այժմ դուք կարող եք կառուցել քառակուսու կողմի երկարությունից քառակուսու մակերեսի կախվածության գրաֆիկը: Աշխատեք պատասխանել մեր զրույցի բոլոր հարցերին: Ապագայում շատ անգամ հարկ կլինի, որ դուք ինքներդ կառուցեք տարբեր գրաֆիկներ, էլ ավելի հաճախ անհրաժեշտ կլինի պարզել, թե ի՞նչ են պատմում ուրիշների կառուցած գրաֆիկները: Չէ՞ որ գրաֆիկներից օգտվում են թե՛ բժիշկներն ու ինժեներները, թե՛ գիտնականներն ու շինարարները, թե՛ տնտեսագետներն ու օդերևութաբանները, ինչպես նաև` ուրիշ շատ ու շատ մասնագիտությունների տեր մարդիկ:

Գրիգ Էդվարդ

Տղան ամբողջ օրը թափառում է ծովափին, մերթ ընդ մերթ հայացքը հառում երկինք: Ամպերը նրան թվում են բարի աչքերով շիկամորուս հսկաներ, դիցանուշներ, խռիվ մազերով թզուկներ: Երեկոյան նորվեգական Բերգեն հինավուրց քաղաքի փողոցներում, քաղաք, ուր ծնվել ու մեծացել էր Էդվարդը, գազալապտերների թարթող լույսի մեջ տղան վերստին տեսնում է այն, ինչ չեն տեսնում մեծահասակները: Նրա ականջներում շարունակ հնչում է բազմաձայն մի երգչախումբ, որը զարմանալի երգեր է երգում: Մի առանձնահատուկ ձևով տեսնելու և լսելու, ամենասովորական բաների մեջ հրաշքներ գտնելու այդ ունակությունը նա կպահպանի երկար ու երկար, իր ողջ կյանքում։ Շատ տարիներ անց այդ հրաշքները կենդանություն կառնեն նրա երաժշտության մեջ, որը կդառնա նրա հայրենի Նորվեգիայի և հարազատ ժողովրդի ձայնը։ Էդվարդ Գրիգի անունն արագորեն կտարածվի շատ երկրներում: Նրան կճանաչեն