Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ հեռավորությունն անվանում են գնդի շառավիղ: Թոքրիկ կոտորակների շառավիղը նույնպես փոքրիկ է, իսկ վիթխարի Լուսնի շառավիղը 1737 կմ է: Հակադիր ուղղված, բայց նույն ուղղի վրա գտնվող երկու շառավիղներ կազմում են գնդի տրամագիծը, որը միշտ երկու անգամ երկար է շառավղից։ Փորձեք ինքներդ չափել գնդակի տրամագիծը: Տրամագիծը գտնելուց հետո հեշտ է որոշել նաև շառավիղը, այն հավասար է տրամագծի կեսին: Որ մասում էլ գունդը կտրենք ու բաժանենք երկու մասի հատույթն անպայման շրջանի տեսք կունենա։ Կտրեք ձմերուկը և ինքներդ կհամոզվեք, որ դա ճիշտ է: Ամենամեծ շրջանը կստացվի, եթե գունդը կտրենք նրա կենտրոնով։ Այդ շրջանն ունի նույն շառավիղը, ինչ և գունդը: Եթե մենք ունենայինք գնդի մեծ շրջանի չափերով գործվածքի չորս կտոր, ապա կկարողանայինք գնդի համար «հագուստ» կարել, գնդաձև մի պատյան: Ճիշտ է, դերձակը պետք է շատ հմուտ լիներ և հագուստն այնպես ձևեր, որ գործվածքի ոչ մի ծեղ զուր չկորչեր, հիշեցեք, որ գնդի մակերևույթի մակերեսը ուղիղ չորս անգամ մեծ է նրա մեծ շրջանի մակերեսից։ Հիշեցեք նաև, որ եթե 10 սմ շառավիղ ունեցող վոլեյբոլի գնդակի պատյանի մեջ լիքը ջուր լցնենք, ապա այդ ջրի քանակությունը կկազմի 4 լիտրից քիչ ավելի։ Բավական է գնդի շառավիղը մեծացնենք երկու անգամ և այնտեղ կտեղավորվի արդեն 8 անգամ ավելի հեղուկ: Իսկ ի՞նչ եք կարծում, որքան ջուր կարելի է լցնել 30 սմ տրամագիծ ունեցող գնդի մեջ։ Պարզվում է, որ այն 27 անգամ ավելի շատ ջուր է տեղավորում, քան մեր վոլեյբոլի գնդակի պատյանը: