Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նրա պաշտպանության համար հատուկ օրենք էր հրապարակվել: Դելֆինները կաթնասուններ են և, չնայած ապրում են ջրում, օդ են շնչում։ Սովորաբար դելֆիններն ապրում են վտառներով, յուրաքանչյուրում` 15—40 կենդանի։ Երբ դելֆինն օգնության է կանչում, ընկերները սրընթաց լողալով մոտենում են, բռնում նրան երկու ծայրից, պահում ջրի վրա, որ նա կարողանա շնչել։ Նույն կերպ նրանք օգնում են նաև խեղդվող մարդուն: Բաց օվկիանոսում դելֆինները շատ հաճախ ուղեկցում են նավերին: Վիթխարի արագությամբ ճեղքելով ալիքները, սլանում են նրանց տորպեդանման, փայլուն ու ողորկ մարմինները, հանկարծ այս ու այն տեղ, ասես, աննկատ մի ազդանշանով նրանք զույգերով, եռյակներով ամբողջ խմբերով մեկ-երկու մետրով դուրս են ցատկում ջրից, ապա սահուն աղեղ գծելով դարձյալ մխրճվում են ջուրը, որպեսզի վայրկյան անց նորից դեպի վեր նետվե: Դելֆինները որսում են նույնիսկ թռչող ձկներին և արագաշարժ թյունիկներին, սնվում են նաև փափկամորթներով, խեցգետնակերպերով: Նրանք լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Մարդը բոլորովին վերջերս է սկսել լրջորեն ուսումնասիրել դելֆիններին: Մեր երկրում նրանց սպանելն արգելված է: Գիտնականները պարզել են, որ դելֆիններն ավելի խելամիտ են, քան կապիկներն ու շները։ Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցի նմանվող ձայներով, դրանցից մի քանիսը մարդու ականջն ի վիճակի չէ զանազանելու: Մինչդեռ դելֆինները գերության մեջ փորձել են սովորել նմանակելու մարդկային խոսքը: Հաղորդակցվելով միմյանց հետ` դելֆիններն արձակում են նաև ուլտրաձայներ, որոնք մենք չենք լսում: Ուլտրաձայները դելֆինին օգնում են հեշտությամբ կողմնորոշվելու շատ պղտոր ջրում և մթության մեջ զանազանելու, օրինակ, կենդանի ձկանը` նույն չափի ու ձևի անկենդան առարկայից։ Դելֆիններն ապրում են խմբերով, խոշոր դելֆինների կյանքի տևողությունը 50, ավելի փոքրերինը` 30 տարի է: Դելֆինները բարձր զարգացած էակներ են: Այս բարյացակամ զվարճալի կենդանիները կարող են դառնալ մեր մեծ բարեկամները:

Դեկաբրիստներ

1825 թ դեկտեմբերի 14-ին Պետերբուրգի սենատի հրապարակում շարվել էին երեք գնդերի զինվորներն ու սպաները: Այդ օրը մայրաքաղաքի զորքերը հավատարմության երդում պետք է տային նոր ցար Նիկոլայ Առաջինին: Բայց Սենատի հրապարակում շարված զինվորականները նոր ցարին երդում տալու փոխարեն նրանից սահմանադրություն պահանջեցին: Նրանք ցանկանում էին գյուղացիներին ազատել ճորտատիրական կախումից և ամեն մարդու ազատ լինելու իրավունք ընձեռել: Ռուսաստանում այդպիսի օրենքներ չկային։ Գյուղացիները լիովին կախման մեջ էին կալվածատերերից: Բոլոր նրանց, ովքեր պայքարում էին ցարական կարգերի դեմ, մահապատժի էին ենթարկում, բանտ նետում, հետապնդում: Ապստամբները պահանջում էին նաև, որ ողջ Ռուսաստանում ընտրություններ անցկացվեն և որ ժողովրդի ընտրած լավագույն մարդիկ մասնակցեն երկրի կառավարմանը։ Ապստամբության որոշ ղեկավարներ նույնիսկ գտնում էին, որ հարկավոր է տապալել ցարին և հանրապետություն ստեղծել: Նիկոլայ Առաջինը վախեցավ և գեներալ նահանգապետ Միլորադովիչին ուղարկեց ապստամբներին համոզելու, որ ցրվեն: Նրա հորդորները կարող էին դժվարացնել ապստամբության ընթացքը, և այդժամ ապստամբության մասնակիցներից մեկը` Պ. Դ. Կախովսկին, մահացու վիրավորեց գեներալին: Ցարը հեծյալ գվարդիային հրամայեց հարձակվել Սենատի հրապարակում հավաքված զորքի վրա: Գրոհը ետ մղվեց: Այնժամ ցարը հրամայեց թնդանոթներից կրակ բացել ապստամբների վրա: Ապստամբները ցրվեցին, իսկ փողոցներում և Նևայի սառույցների վրա մնացին սպանվածների դիակները: Ապստամբության կազմակերպիչներին և մասնակիցներին անվանում են դեկաբրիստներ` դեկտեմբեր (ռուսերեն` декабрь ) ամսվա անունով, երբ այն կատարվեց: Այդ նույն օրերին ապստամբություն տեղի ունեցավ նաև Ուկրաինայում։ Այնտեղ Չեռնիգովյան գնդի վեց վաշտ գլխավորում էր սպա Ս. Ի. Մուրավյով Ապոստոլը, բայց 1826 թ. հունվարի 3-ին նրան վիրավոր վիճակում գերի վերցրին, իսկ ջոկատը ջարդեցին: