Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու պուտերը, որոնցից աչք չես կտրում։ Զարմանալի գեղեցիկ են ուռենու ճկուն շիվերից հյուսված զամբյուղները։ Բամբուկահյուս ճապոնական զամբյուղներն իրենց ուրվագծով դեպի ափ վազող թեթեվասահ ալիքներ են հիշեցնում։ Ճապոնացիներն այդպես էլ անվանում են դրանք՝ «ալիքներ»։ Երկաթն ամենևին էլ կոպիտ նյութ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Նրա «հոգին» կարողացել են հասկանալ դարբինները, որոնք գեղեցիկ աշտանակներ են կռում և կաղնե դռների հիասքանչ նախշազարդեր։ Ասիայում բրդե խիտ գորգերը փոխարինում էին ոչ միայն կահույքին ու պաստառին։ Գորգագործ վարպետը նրա նախշերով երբեմն մարմնավորում էր իր երազանքը։ Այդ վառ գույներն ու նախշերը կախարդական հեքիաթների, խայտաբղետ հարավային շուկաների, երկնքի շլացուցիչ կապույտի, շատրվաններով և պալատներով ծաղկուն այգիների պատրանք են ստեղծում։

Մեծ համբավ ունեն, օրինակ, Թուրքմենիայի գորգերը։

Հապա վոլոգդացի և կիրովցի ժանեկագործուհիների, լաքե մանրանկարչության պալեխյան վարպետների, խոլմոգորցի ոսկրափորագրիչների, ուզբեկ քարափորագրողների, վրացի դրվագողների աշխատանքները։ Նրանց արվեստը բոլորին է հիացնում։ Համաշխարհային դեկորատիվ արվեստի գանձարանում մեծ է հայ վարպետների ավանդը։ Հայկական գորգերը, ժանյակները, կարպետները, ասեղնագործ կտորեղենը, տարազի տարատեսակները, խեցեղենը, փայտի գեղարվեստական մշակումը վկայում են, որ արվեստի այդ ճյուղը։ Հայաստանում զարգացած է եղել դեռ շատ հնում։ Հապա հայկական հինավուրց խաչքարերի զարդանախշերը, որ ամենանուրբ ժանյակներ լինեն ասես։

Մարդիկ դեռևս խոր անցյալում էին կարողանում գեղեցիկ պատրաստել կյանքի ու աշխատանքի համար անհրաժեշտ առարկաները։ Բայց ժամանակի հետ փոփոխվում էին նաև մարդկանց ճաշակն ու պահանջները։ Եվ այսօր երբեմն մեկ առարկայով սկահակով կամ հին բազկաթոռով, մասնագետները որոշում են, թե այս կամ այն ժամանակաշրջանում մարդիկ ինչպես էին հագնվում, ինչ զարդեր էին կրում, ինչպիսի շենքեր կառուցում։ Եվ այսպես, դեկորատիվ արվեստը ամանեղենի և կահույքի, այգու ցանկապատերի և տների երեսպատման, հագուստի և ոսկերչական իրերի և, նույնիսկ, մեքենաների գեղարվեստական ձևավորումն է։ Արվեստագետի ձեռքն ամենասովորական իրը կարող է վերածել արվեստի գեղեցիկ ստեղծագործության։

Դեկորացիա

Բացվում է թատրոնի բեմի վարագույրը, և դուք տեսնում եք ծաղիկներ, ծառեր, մի տնակ, իսկ հեռվում լեռնագագաթներ, երկինք ու ամպեր։ Այդ ամենն, իհարկե,