Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յոթ տարի նա պատերազմ մղեց իր երկրի ազատության և անկախության համար: 1962 թ պայքարն ավարտվեց Ալժիրի ժողովրդի հաղթանակով: Համառ աշխատանքով ալժիրցիներն արդեն շատ հաջողությունների են հասել. կառուցվել են նոր ֆաբրիկաներ, հիվանդանոցներ, դպրոցներ: Երկրում բոլոր երեխաները սովորում են։ Սակայն դեռ բազմաթիվ դժվարություններ են մնացել, չէ՞ որ գաղութարարների երկարատև տիրապետությունն ու պատերազմը քայքայել էին երկիրը։ Ալժիրի ժողովրդին մեծ օգնություն են ցույց տալիս սովետական մասնագետները` երկրաբանները, նավթագործները, ինժեներները, ուսուցիչները և ուրիշներ:


Ալիխանյաններ

Աբրահամ Իսահակի 1904 - 1970

Արտեմ Իսահակի 1908 - 1978

Մեծ հայրենականի ահեղ տարիներն էին։ Խավար գիշերներին ռումբերի պայթյունների տակ, հրի ու ծխի մեջ սովետական ռազմանավերն ապամագնիսացնելու միջոցով երկու եղբայրներ վնասազերծում էին ֆաշիստական ականները։ Եղբայրներից մեկը կռվում էր Սև ծովի ափերին, մյուսը` Լենինգրադի դարպաս Կրոնշտադտում։ Սակայն պատերազմի տարիներին անգամ նրանք զբաղվում էին գիտական աշխատանքով։ 1942 թ ամռանը եղբայրները Հայաստան տեղափոխեցին ու Արագած լեռը բարձրացրին մի շարք բարդ սարքեր: Վրաններ խփելով բաց երկնքի տակ՝ նրանք շարունակեցին իրենց ուսումնասիրությունները դժվարին պայմաններում:

Ովքե՞ր էին հայրենիքի այդ անվեհեր պաշտպաններն ու տաղանդավոր գիտնականները. նրանք ականավոր փորձարար-ֆիզիկոսներ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրներն էին:

Փոքր հասակից նրանք սիրեցին մաթեմատիկական առարկաները, սակայն հայրը երեխաներին տվեց Թիֆլիսի առևտրի դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո նրանք մեկնեցին Լենինգրադ: Ավագ եղբայրը` Աբրահամը, ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ Արտեմը` համալսարան։ Այն ժամանակ սովորելը հեշտ չէր։ Եղբայրները հարկադրված էին և՛ սովորել, և՛ աշխատել. ավագ եղբայրը ռենտգենատեխնիկ էր հիվանդանոցում, կրտսերը` բեռնակիր նավահանգստում:

Բուհն ավարտելուց հետո եղբայրներն սկսեցին ուսումնասիրել ռենտգենյան ճառագայթների բյուրեղների ֆիզիկան, հետազոտել ատոմի միջուկն ու ռադիոակտիվությունը (ռադիոակտիվության մասին դուք կարող եք կարդալ «Կյուրիներ» զրույցում):

Աշխարհի մի շարք մեծ ֆիզիկոսներ պնդում էին, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի օրենքներին։ Եղբայրները փորձով ապացուցեցին, որ երբ այդ մասնիկները փոխազդեցության մեջ են մտնում, ֆիզիկայի օրենքները չեն խախտվում:

Ինչպես դուք գիտեք, Արեգակը, բացի լուսային ճառագայթներից, արձակում է նաև տարրական մասնիկներից կազմված անտեսանելի ճառագայթներ։ Մեզ նման ճառագայթներ են հասնում նաև այլ աստղերից, ամբողջ Տիեզերքից: Այդ ճառագայթներն ուսումնասիրելու նպատակով Ալիխանյան եղբայրները սովետական կառավարության որոշմամբ Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ Սովետական Միությունում առաջին բարձր լեռնային կայանը։ Նրանք աշխարհում առաջինը նկատեցին, որ այդ ճառագայթների մեջ կան նոր, անհայտ տարրական մասնիկներ. Ալիխանյան եղբայրները տիեզերական ճառագայթների մեջ հայտնաբերեցին նաև մեծ էներգիա պարունակող պրոտոններ: Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար: Աշխատանքը շարունակվեցին Երևանի