Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Ձեր առջև է գեղազարդ մի գիրք՝ «ԻՆՉ Է, ՈՎ է» անսովոր վերնագրով։

Հավանաբար կարծում եք, թե սա սովորական ընթերցանության այն գրքերից է, որ դուք կարդում եք էջ առ էջ հերթով՝ առաջ չանցնելով ու չթռչելով էջերի վրայով։ Բայց ո՛չ․ որքան որ անսովոր է գրքի վերնագիրը, նույնքան էլ առայժմ ձեզ համար անսովոր է ինքը գիրքը։ Եվ ահա թե ինչու․

Հապա ուշադիր նայեցե՛ք ձեր շուրջը. Որքան հետաքրքիր բաներ կան, այնպես չէ՞։ Պատուհանից երևում են երկինքն ու գետինը, հեռվում ձգվում են լերկ կամ անտառապատ լեռները։ Կանաչին են տալիս մարգագետիններն ու դաշտերը: Ահա այնտեղ տուն են կառուցում ճանապարհ գցում։ Քայլում են մարդիկ։ Սարի կատարին թառել է մենավոր մի վանք։ Պատից կախված է հրաշալի մի նկար։ Խշշում են ծառերը։ Փողոցի ծայրին վեր է խոյանում հոյակերտ մի կոթող։ Բարձր երկնքում սլանում է արբանյակը, թևածում են թռչունները։ Անձրև է տեղում, ապա երփներանգ գույներով շողում է ծիածանը։ Ահա որսորդները գտել են գազանի հետքը։ Ձեր կողքին թկթկում է ժամացույցը։ Բաբախում է ձեր սիրտը։ Անցնում են ռադիոյի անտեսանելի ալիքները։ Իսկ գիշերը երկրի վրա կախվում է Լուսնի մահիկը։

Ամեն ինչի մասին ուզում եք իմանալ չէ՞։ Եվ ձեր գլխում միանգամից ծագում են բազմաթիվ հարցեր․ ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ, որտեղի՞ց, ո՞ւր, ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ: Ահա ձեր այդ հարցերին էլ պատասխանելու է կոչված «ԻՆՉ է, ՈՎ է» գիրքը ավելի շուտ գրքերը որովհետև լինելու է այդպիսի չորս գիրք չորս հատոր։

Ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ հատորները դուք կարդաք էջ էջի ետևից սկզբից մինչև վերջ։ Կարող է պատահել, որ սկզբում անհրաժեշտություն ունենաք կարդալու երկրորդ հատորի ամենավերջում զետեղված մի զրույց, ապա անցնեք չորրորդ հատորի սկզբին հետո էլ ձեզ հետաքրքրող զրույցը փնտրեք ու գտնեք առաջին հատորի մեջտեղում։ Կարելի է նաև բացել որևէ հատորի ցանկացած էջ, դիտել նկարները, ընթերցել մեկ-երկու զրույց Դա կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ հարց է հետաքրքրում ձեզ։

Ստացվեց ուրեմն, որ «ԻՆՉ է, ՈՎ է»-ն յուրատեսակ հանրագիտարան է, ձեր առաջին հանրագիտարանը ավելի ճիշտ՝ մանկագիտարանը գիտելիքների մի շտեմարան