Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք ուշադիր զննում են իրենց «տիրույթները», անմիջապես նկատում լեշը և արագ իջնում վրան: Ինչպիսի սրատես աչքեր են պետք այդքան հեռվից ավարը տեսնելու համար:

Անգղներին հիմնականում չեն սիրում. ախր շատ է անհրապույր նրանց կերը։ Բայց նա, ով իսկապես սիրում և ճանաչում է բնությունը, երբեք չի կրակի այդ թռչունների վրա նույնիսկ, եթե նրանք կուշտ ուտելուց հետո ծանրացել են և չեն կարողանում անմիջապես թռչել։ Իսկ անգղների մեկ կամ երեք ձվերով կամ ձագուկներով բույն գտնելու դեպքում երբեք չի քանդի այն. չէ որ անգղները շատ օգտակար թռչուններ են:

Անգղների շատ տեսակներ կան: Դրանցից չորսը տարածված են նաև մեր հանրապետությունում։ Անգղներից մի քանիսը մշտապես ապրում են մարդու կացարանի մոտակայքում։


Անդերսեն Հանս Քրիստիան

1805 - 1875

Վաղուց, ավելի քան հարյուր տարի առաջ, շոտլանդական փոքրիկ հյուրանոցի սենյակներից մեկում միջին տարիքի, հեզաբարո մի ուղևոր մոռացել էր իր ձեռնափայտը։ Հյուրանոցի տերը ձեռնափայտին ամրացրեց «Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենին» երկտողը և ձեռնափայտը տարավ փոստ: Փոստն ընդունեց այդ կարճ հասցեով ծանրոցը և այն հասցրեց մոռացկոտ ճամփորդին: Որովհետև այն ժամանակ արդեն ամբողջ աշխարհը գիտեր այդ արտասովոր մարդու ազգանունը։

Վաղ մանկությունից սկսած և ամբողջ կյանքում մեզ հետ ապրում են Անագե տոկուն զինվորիկն ու սիրելի Մատնաչափիկը, Անճոռնի բադիկն ու այն տղան, որը միակն էր, որ ի լուր մարդկանց բացականչեց ճշմարտությունը` թագավորըը մերկ է։ Աշխարհում, հավանաբար, քիչ երեխաներ կան, որ չեն ճանաչում Անդերսենի հեքիաթների հերոսներին: Այդ հեքիաթներում կա այն ամենը, ինչը մշտապես պետք է ապրի իսկական, լավ մարդու մետ. հարգանք դեպի քաջությունը, բարություն և կարեկցանք բոլոր նրանց հանդեպ, ովքեր դժվարին կացության մեջ են, սեր հասարակ մարդկանց նկատմամբ, ծաղր և արհամարհանք պարծենկոտների ու անսիրտների հանդեպ։ Այդ հեքիաթներում կողք-կողքի ապրում են լացն ու ծիծաղը, վիշտն ու ուրախությունը, ինչպես լինում է իրական կյանքում: Անդերսենը մեծ հեքիաթասաց էր և շատ լավ էր հասկանում, որ ամենահրաշապատում հեքիաթն անգամ պետք է արտացոլի կյանքը:

Իսկ կյանքն այդ արտասովոր մարդը լավ գիտեր:

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805 թ ապրիլի 2 ին փոքրատարած Դանիայի Օդենսե փոքրիկ քաղաքում: Նրա հայրը աղքատ կոշկակար էր, և հեքիաթագրի