Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք անվանեցին Եվրոպա, իսկ դեպի արևելք ընկածը Ասիա։ Երբ հին հռոմեացիները նվաճեցին Միջերկրական ծովի հարավային ափերը մեջտեղ եկավ երրորդ աշխարհամասի անվանումը Աֆրիկա։ 15-րդ դարի վերջին – 16-րդ դարի սկզբին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց Ամերիկան։ 17-րդ դարում հոլանդացի ծովագնացները հայտնագործեցին հինգերորդ աշխարհամասը «Թերրա Աուսթրալիս Ինքոգնիթա»–ն («Անհայտ Հարավային Երկիր»): Ավստրալիան 19-րդ դարի սկզբին Անտարկտիդայի (այսինքն՝ «Արկտիկայի դեմ հանդիման ընկած երկրի») ափերին առաջինը հասան ռուս ծովագնացներ Ֆ. Ֆ. Բելլինսգաուզենի և Մ. Պ. Լազարևի նավերը։ Այսպես հայտնագործվեց վեցերորդ աշխարհամասը։


Աշխարհի ժողովուրդներ

Երկրի վրա ապրում է չորս միլիարդից ավելի մարդ։ Նրանք բոլորը տարբեր ժողովուրդներ են։ Կա ժողովուրդ, որի թիվն անցնում է 100 միլիոնից, օրինակ ռուսները, ճապոնացիները, չինացիները, բենգալացիները։ Գերմանացիները, ֆրանսիացիները, իտալացիները մի քանի տասնյակ միլիոն են։

Կան նաև փոքրաթիվ ժողովուրդներ։ Հավանաբար, ամենափոքրաթիվը Ֆիլիպիններում ապրող տասադայ ցեղն է։ Նրանք ընդամենը 28 հոգի են։ Ապրում են քարայրներում, զբաղվում որսորդությամբ, վայրի բույսեր հավաքելով և մինչև վերջերս նույնիսկ չգիտեին, որ երկրի վրա, իրենցից բացի, ուրիշ մարդիկ էլ են ապրում։

Երկրագնդի վրա ապրող բոլոր ժողովուրդները մեծաթիվ թե փոքրաթիվ, մոտ 2 հզ. են։ Նրանք խոսում են տարբեր լեզուներով և ունեն տարբեր սովորույթներ, ժողովուրդները զանազանվում են նաև իրենց արտաքին տեսքով: Ճապոնացիներն, օրինակ ունեն սև և կոշտ մազեր, աչքերն էլ նշաձև են, բոլոր բենգալացիները թխամորթ են: Արևադարձային Աֆրիկայի ժողովուրդները սևամորթ են ու գանգրահեր։

Ժողովուրդների մեծ մասը խոսում է իր առանձին լեզվով: Կան նաև բացառություններ։ Այսպես անգլիացիներն ու ամերիկացիները խոսում են միևնույն լեզվով՝ անգլերեն, գերմանացիներն ու ավստրիացիները՝ գերմաներեն իսպանացիները և հարավային ու Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդների մեծամասնությունը՝ իսպաներեն։ Բայց նրանք տարբեր ժողովուրդներ են. նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը կենցաղն ու սովորությունները։

Ժողովուրդների միջև բազմաթիվ տարբերություններ կան, բայց ավելի շատ են նմանություններն ու ընդհանրությունները։ Նրանք բոլորը միասին կազմում են ամբողջ մարդկությունը։ Բոլոր ժողովուրդները աշխատավորները հավասարապես ձգտում են երջանիկ ուրախ և խաղաղ կյանքի։

Մեր օրերում ինքնաթիռների ու նավերի ուղերթերը, հեռագրային ու փոստային կապի գծերը, առևտրական և մշակութային միջազգային համագործակցության հարաբերությունները խիտ կերպով ընդգրկել են երկրագունդը: Ժողովուրդների բարեկամության և համագործակցության ձգտումն օրեցօր ավելի է ուժեղանում։

Սակայն դեռևս կան ուժեր, որոնք խաղաղություն չեն ուզում, ձգտում են պատերազմ սանձազերծել։ Պատերազմը ձեռնտու է իմպերիալիստներին, որովհետև նրանց հսկայական շահույթներ է բերում։ Նրանք շահագրգռված են պատերազմներով, որպեսզի ճնշեն ժողովուրդների ագգային-ազատագրական շարժումները։ Չէ որ իմպերիալիստները ձգտում են իրենց հարստությունը պահպանել ու բազմապատկել՝ շահագործելով ոչ միայն իրենց երկրների աշխատավորներին, այլև ուրիշ ժողովուրդների։

Մեր երկիրը սոցիալիստական մյուս երկրների հետ միասին հաստատակամորեն պայքարում է ողջ աշխարհի խաղաղության համար: Մոսկվայում անցկացվում են կոնգրեսներ, համաժողովներ, հանդիպումներ, որոնց նպատակն է համախմբել խաղաղության ու բարեկամության համար պայքարող մարտիկներին:

Այսպես, 1973թ հոկտեմբերին Մոսկվայում կայացավ Խաղաղասեր ուժերի համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էին աշխարհի 143 երկրների ներկայացուցիչներ։ Եվ խորապես խորհրդանշական է, որ այդ կոնգրեսը կայացավ հենց Մոսկվայում՝ աշխարհում առաջին սոցիալիստական երկրի մայրաքաղաքում: