դեռ շարունակում է շարժվել, և մենք առաջ ենք հրվում։ Այս ամենի պատճառն իներցիան է։ «Իներցիա» լատիներեն բառը նշանակում է «անգործություն, անշարժություն»։ Գիտնականներն այդ բառով անվանել են առարկաների «ծուլությունը». եթե առարկաների վրա ոչինչ չի ազդում, ապա նրանք կամ անշարժ են, կամ էլ շարժվում են ուղղագիծ՝ առանց թեքվելու ու կանգ առնելու, պահպանելով միշտ միևնույն արագությունը։ Որքան ծանր է առարկան, որքան մեծ է նրա զանգվածը, այնքան այն ավելի «ծույլ» է, «անգործունյա», իներտ։ Երբ դուք հեծանիվ եք վարում և հանկարծ դադարում պտտել ոտնակները, հեծանիվը շարունակում է շարժվել իներցիայով։ Այդպես էլ այն կշարունակեր գլորվել առանց կանգ առնելու, եթե չլինեին օդի դիմադրությունն ու շփման ուժերը։
Երբ վարորդը սեղմում է արգելակման ոտնակը, ավտոմոբիլը միանգամից չէ, որ կանգ է առնում, այլ շարունակում է որոշ ժամանակ շարժվել իներցիայով։ Այդ պատճառով էլ վտանգավոր է մոտիկից անցնող մեքենաների առջևից փողոցը վազքով կտրել-անցնելը։ Ահա հսկայական տիեզերանավն ուղղվում է դեպի երկինք։ Իր թռիչքը նա սկսում է դանդաղորեն, ասես չկամենալով` իներցիան է խանգարում. չէ որ հրթիռի զանգվածը մի քանի հազար տոննա է։ Հռնդում են շարժիչները, և տիեզերանավն ավելի ու ավելի արագ է վեր խոյանում։ Բայց ահա ավտոմատն անջատեց շարժիչները։ Այժմ տիեզերանավը կսկսի թռչել իներցիայով։ Թռիչքի սկզբում տիեզերագնացները ծանրություն են զգում, և դարձյալ իներցիան է «մեղավոր»։ Թիկնաթոռը ճնշում է տիեզերագնացի մեջքը, մինչդեռ նրա մարմինը դեռ չի սկսել շարժվել, և նա սեղմվում կպչում է թիկնաթոռին։ Իներցիայի օրենքին ենթարկվում է մեր շրջապատում գտնվող ամեն ինչ` Արեգակի շուրջը պտտվող Երկիրը, ավտոմոբիլներն ու գնացքները, բոլոր առարկաները` աստղերից սկսած մինչև ատոմները։ Իներցիայի օրենքը հայտնագործել է Ի. Նյուտոնը։
Ինժեներ
Գետի վրա կամուրջ կառուցելը դժվար է, թե? հեշտ։ Իհարկե, եթե գետը փոքր է, ապա ամենքն էլ կարող են նրա վրա մի գերան գցել, և կամուրջն արդեն պատրաստ է։ Իսկ եթե գետը մեծ է, ինչպես, ասենք, Վոլգան կամ Արաքսը։ Այդ դեպքում գերանը չի օգնի, և հարկ կլինի մետաղե կամ երկաթբետոնե կամուրջ կառուցել։ Բայց ինչպե՞ս իմանանք, թե քանի հենարան պետք է ունենա կամուրջը, քանի մեքենայի ու մարդու ծանրության կարող է դիմանալ, ուժեղ փոթորկի ժամանակ չի՞ փլվի արդյոք կամ գարնանային հալոցքին կամրջի հենարանները կդիմանա՞ն սառցաբեկորների հարվածներին։ Կամ էլ, ասենք, անհրաժեշտ է ստեղծել մեծ արագությամբ սլանալու ունակ մարզական նոր ավտոմոբիլ։ Ո՞վ կարող է ասել, թե այդ ավտոմոբիլն ինչպիսի շարժիչ և կառավարելու ինչպիսի հարմարանք պետք է ունենա։