Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքում կան համալսարան, կինոթատրոններ, գեղեցիկ շենքեր, հիվանդանոց, որտեղ աշխատում են նաև սովետական բժիշկներ։ Սովետական Միությունը և Եթովպիան կապված են երկարամյա բարեկամությամբ և ողջ աշխարհում խաղաղություն պահպանելու միասնական ձգտումով։ Երկար ժամանակ երկիրը ղեկավարում էին կայսրերը։ 1974 թ. հեղափոխության հետևանքով կայսրը տապալվեց։ Նոր կառավարությունն իրականացնում է ժողովըրդի կյանքը բարելավող վերափոխումներ և հանդես է գալիս միջազգային իմպերիալիզմի դեմ։ Աճում և ամրապնդվում են բարեկամական կապերը Եթովպիայի և Սովետական Միության, սոցիալիստական համագործակցության մյուս պետությունների հետ։ Եթովպիան վաղեմի հայ գաղթավայրերից է։ Հայ համայնքն այստեղ կազմավորվել է 7-րդ դարում, ապա դարերի ընթացքում ստվարացել։ Հայերն իրենց գործունեությամբ կարևոր դեր են խաղացել Եթովպիայի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում, վարել մի շարք պետական պաշտոններ։ Եթովպիայի մասին առաջին գիտական աշխարհացույցն, օրինակ, որտեղ մեծ ճշգրտությամբ տրված են երկրի տեղագրությունը, լեռների, դաշտերի, գետերի, քաղաքների նկարագրությունն ու չափագրությունը, կազմել է 17-18-րդ դարերի հայ տոմարագետ, թվաբանագետ, ճանապարհորդ Ավետիք Տիգրանակերտցին։ Այժմ եթովպահայ համայնքում գործում են մշակութային միություններ, երաժշտական և թատերական խմբեր, ազգային վարժարան, որը հիմնադրվել է դեռևս 1918 թ.։ Համայնքը սերտ կապեր է պահպանում Սովետական Հայաստանի հետ։ 1962 թվականից սկսած Երևանի բուհերում և տեխնիկումներում ուսանում են եթովպահայ երիտասարդներ, որոնք, վերադառնալով, իրենց գիտելիքներն ի սպաս են դնում երկրի և հայ համայնքի բարգավաճման գործին։

Եղանակ

Եղանակ են անվանում մեզ շրջապատող մթնոլորտի վիճակը տվյալ պահին կամ որոշակի ժամանակահատվածում։ Այն կախված է օդի հսկայական զանգվածների շարժումից և օվկիանոսների, ծովերի ու ցամաքի վրա եղած մթնոլորտային ճնշումների տարբերությունից։ Այդ տարբերությունը հետևանք է այն բանի, որ հյուսիսում ու հարավում, ծովի մոտ և մայր ցամաքի խորքում Արեգակը միատեսակ չէ, որ տաքացնում է օդը։ Եղանակի վրա ազդում են նաև լեռները։ Եղանակը կարելի է կանխագուշակել ոչ միայն մեկ-երկու օր, այլև շաբաթներ և, նույնիսկ, ամիսներ առաջ։ Դրանով զբաղվում է օդերևութաբանություն գիտությունը։ Եղանակի ծառայությունը, որն ընդգըրկում է օդերևութաբանական բազմաթիվ կայաններ, ուսումնասիրում է քամիների ուղղությունն ու արագությունը ցամաքից և ծովից մի քանի հարյուր մետր բարձրության վրա։

Օդերևութաբանները հետևում են, թե ինչպես են տեղաշարժվում բարձր ու ցածր մթնոլորտային ճնշումների կենտրոնները։ Այդ գործում օդերևութաբաններին օգնում են եղանակի ծառայության ինքնաթիռներն ու նավերը։ Երկրի օդերևութաբանական արբանյակները մշտապես հետևում են եղանակի վիճակին ու փոփոխություններին և չափումների տվյալները հաղորդում ռադիոյով։

Եղանակի կանխորոշումն անհրաժեշտ է թե՛ նավերի կապիտաններին ու օդաչուներին, թե՛ վարորդներին ու երկաթուղայիններին, թե՛ շինարարներին ու գյուղատնտեսության աշխատողներին։ Եղանակից է կախված ցանքի, բերքահավաքի, խոտհնձի ժամանակը, հաճախ՝ նաև մարդկանց առողջական վիճակը, նրանց ինքնազգացողությունը։

Եղանակի կանխագուշակությանն օգնող պարզագույն սարքերից է բարոմետրը (ճնշումաչափը), որը ցույց է տալիս մըթնոլորտային ճնշման փոփոխությունը։ Լինում են զանազան բարոմետրեր։ Մետաղական բարոմետրն, օրինակ, երկու սլաք ունի, որոնցից մեկը մթնոլորտային ճնշման ազդեցությամբ ինքն է շարժվում թվացույցով, մյուսը մենք ենք համատեղում առաջինի հետ, երբ ուզում ենք իմանալ, թե որ կողմ կշեղվի շարժական սլաքը և դրանով իսկ ինչպիսի եղանակ կկանխագուշակի։ «750» թվի (դա մթնոլորտային ճնշումն է սնդիկի սյան միլիմետրերով) վերևում գրված է «Փոփոխական»։ Դեպի ձախ մթնոլորտային ճնշումը ցույց տվող ավելի փոքր թվերն են և «Անձրև» կամ «Տեղումներ», իսկ ավելի ձախ՝ «Հողմ» բառերը։ Դեպի աջ նշված են մթնոլորտային ճնշումը ցույց տվող ավելի մեծ թվեր և «Պարզ» կամ «Պարզ եղանակ» բառերը։ Եթե մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում