Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, այլև շատ բան նոր ստեղծեր։ Ժողովրդական Լեհաստանին մեծապես օգնեցին Սովետական Միությունը և սոցիալիստական մյուս երկրները։ Մեծ թվով խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցվեցին ՍՍՀՄ-ի օժանդակությամբ։ Ժողովրդական իշխանության տարիներին Լեհաստանը վերածվեց զարգացած արդյունաբերությամբ երկրի։ ՍՍՀՄ-ն ու Լեհաստանը կապված են անխախտ բարեկամության ու փոխօգնության դաշինքով։ Այսպես, օրինակ, իր արդյունաբերությանն անհրաժեշտ նավթը Լեհաստանն ստանում է Սովետական Միությունից՝ «Բարեկամություն» նավթամուղով։ Լեհաստանում հինավուրց քաղաքներ շատ կան, որոնք, սակայն, պատերազմի ժամանակ խիստ վնասվել էին։ Գրեթե ամբողջովին ավերվել էր Լեհաստանի մայրաքաղաքը` Վարշավան։ Լեհ ժողովուրդը հոգատարությամբ և սիրով վերականգնեց իր մայրաքաղաքը։ Պահպանված հին հատակագծով վերածնվեցին նախկին փողոցներն ու տները։ Մայրաքաղաքը զարդարվեց նաև ժամանակակից շենքերով, որոնցից է ՍՍՀՄ-ի միջոցներով կառուցված գիտության և մշակույթի տունը։ Հեքիաթային փյունիկ թռչնի նման, մոխիրներից նորից հառնեց գեղեցկուհի Վարշավան։ Տատրաների նախալեռներում, Բյալա գեtի ափին, կա մի փոքր քաղաք՝ Պորոնինը։ Նրա մոտերքում, խճուղուց ոչ հեռու, կանգնած է մի տուն, որն այժմ թանգարան է։ Այդ տանը 1913-1914 թվականներին ապրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Տաղանդավոր լեհ ժողովուրդն աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդիկ, ինչպես գիտնական Ն. Կոպեռնիկոսը, բանաստեղծ Ա. Միցկևիչը, գրողներ Է. Օժեշկոն ու Բ. Պրուսը, կոմպոզիտոր Ֆ. Շոպենը և շատ ուրիշներ, որոնց գիտական հայտնագործությունները կամ ստեղծագործությունները հարստացրել են համաշխարհային գիտությունն ու մշակույթը։ Լեհաստանը կարևոր դեր է խաղացել նաև հայերի կյանքում։ 14-15-րդ դարերից սկսած մեծ թվով գաղթական հայեր ապաստան են գտել Լեհաստանում և դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել տեղացի բնակչության հետ։ Հայերը հաստատվել են լեհական պետության սահմանամերձ վայրերում և մասնակցում էին երկիրը օտար հարձակումներից պաշտպանելու գործին: