40 վագոն։ Ինքնագնաց վագոնը կոչվում է լոկոմոտիվ (լատիներեն՝ «լոկոմովեո»– «տեղաշարժում եմ» բառից), այն ղեկավարում են մեքենավարները։
Առաջին լոկոմոտիվը կառուցվել է ավելի քան 170 տարի առաջ։ Նրա անիվները պտտեցնում էր շոգիով աշխատող շարժիչը՝ շոգեմեքենան։ Եվ քանի որ այդ լոկոմոտիվը շարժվում էր շոգու օգնությամբ, այն անվանեցին շոգեքարշ։ Նրա վրա մի մեծ խողովակ կար, որից սև ծուխ էր դուրս գալիս։ Իսկ ի՞նչ ծուխ էր դա։ Ջուր տաքացնելու և շոգի ստանալու համար շոգեքարշի հնոցում ածուխ էին այրում։ Ածուխը ստեպ-ստեպ հնոցի մեջ էր նետում հնոցապանը։ Երկար ժամանակ շոգեքարշը երկաթուղու միակ «աշխատողն» էր։ Բայց ահա երևան եկան նոր՝ էլեկտրական և ներքին այրման շարժիչները, որոնց մասին դուք կկարդաք «Շարժիչ» զրույցում։
Էլեկտրական շարժիչով լոկոմոտիվներն անվանեցին էլեկտրաքարշեր։ Սրանք շոգեքարշերից ավելի արագընթաց են և կարող են ավելի շատ վագոններ քարշ տալ։ Ջուր տաքացնելու համար էլ ածուխ վերցնելու հարկ չի լինում, որովհետև էլեկտրաքարշերի շարժիչն աշխատում է էլեկտրական հոսանքով։ Հոսանքը շարժիչն ստանում է ռելսերի վերևում ձգված հաղորդալարից, որը շարժիչին միացնելու համար էլեկտրաքարշի վրա տեղակայում են շարունակ հաղորդալարին հպվող հատուկ սարք՝ պանտոգրաֆ (այսպես կոչված հոսանահան)։
Երկաթուղով գնացքներ են տեղաշարժում նաև ներքին այրման շարժիչներ ունեցող լոկոմոտիվները։ Այդպիսի լոկոմոտիվները կոչվում են ջերմաքարշեր։ Ուշագրավ է, որ ջերմաքարշի շարժիչը պտտեցնում է, սովորաբար, ոչ թե անիվները, այլ էլեկտրական հոսանք արտադրող գեներատորը։ Ստացված հոսանքն աշխատեցնում է էլեկտրական շարժիչը, իսկ սա էլ իր հերթին պտտեցնում է անիվները։ Ներքին այրման շարժիչի աշխատանքի համար վառելիք է հարկավոր, և ջեմաքարշն ստիպված է լինում այն վերցնել հետը։
Այժմ առաջին լոկոմոտիվները՝ շոգեքարշերը, գրեթե չեն կիրառվում։