Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեկը, որը բացառապես հայկական է; Մեզ հասած ամենահին խաչքարը 9-րդ դարի է։ Անցած դարերի ընթացքում Հայկական լեռնաշխարհում կանգնեցվել են հազարավոր խաչքարեր։ Դրանք պատմական վկայագրեր են, հիշատակարաններ, մարդկային աչքը շոյող քարե մանրանկարներ, որոնք դրվել են եկեղեցիների մուտքերի մոտ, գավիթներում, ճամփաբաժաններին, գերեզմանոցներում (իբրև տապանաքարեր), բլուրների վրա կամ փորագրվել եկեղեցիների պատերին, ժայռերին։

Խաչքար են կոչվել, որովհետև նրանց քանդակազարդված երեսին, կենտրոնում, պատկերված է խաչ` քրիստոնեական հավատի խորհրդանիշը։ Սակայն խաչը միայն արտաքին կեղևն է։ Ըստ էության խաչքարը ժողովրդական կյանքի համայնապատկեր է, որ հմայում է զարդամոտիվների ու դրանց համամասնությունների ներդաշնակությամբ։ Խաչքարի վրա նուռ ու ողկույզ կա, հասկ ու հաց, մարդ ու թռչուն։ Մի սալաքարի վրա պատկերված է նույնիսկ թատերախաղ, որի դեմ պայքարում էր քրիստոնեությունը։ Խաչքարի հակառակ երեսը հարթ է կամ պատած արձանագրությամբ՝ ներկայացնելով, ասես, հայ ժողովրդի պատմության բացված մի էջ։

Խաչքարի քանդակազարդ պատկերը իր նրբագեղությամբ նման է ասեղնագործ ժանյակի։ Հաճախ պատկերն այնքան նրբահյուս է լինում, որ թվում է, թելերից են գործել և ընդելուզել սալաքարին։

Միջնադարյան հայկական խաչքարերն ունեցել են բազմանշանակ բովանդակություն։ Դրանք կանգնեցվել են տարբեր առիթներով ռազմական հաղթանակները, պատմական նշանակալից դեպքերը հավերժացնելու, եկեղեցիների, աղբյուրների, կամուրջների և շինարարական ուրիշ աշխատանքների ավարտը հիշատակելու համար։ Խաչքարեր կան նվիրված զոհված հերոսների, իրենց նպատակին չհասած սիրահարների հիշատակին։ Այսպես, օրինակ, Զաքարե զորավարը սելջուկների դեմ տարած հաղթանակը նշանավորելու համար խաչքարեր է կանգնեցրել 1175 և 1202 թվականներին։ Վանենի թագուհին 1192 թ. մի խաչքար է կանգնեցնում ի պատիվ Սանահինի կամրջի կառուցման։ Հայկական ՍԱՀ Ազիզբեկովի շրջանի Մարտիրոս գյուղը հիմնադրվել է 1283 թ.։ Այդ առթիվ Շնորհավոր Աղբարը նույն թվականին մի հուշարձան խաչքար է պատրաստել։ Գյուղի ծննդյան այդ վկայագիրը այժմ էլ կանգնած է իր տեղում։

Կան նաև «ամենափրկիչ», երբեմն «հազախաչ» կոչվող խաչքարեր, ինչպես, օրինակ, Հաղպատի վանքի գավթի 1273 թ. նշանավոր խաչքարը, որի հեղինակը Վահրամ վարպետն է։ Սրանց քանդակազարդված երեսին պատկերված են խաչելության տեսարաններ։ Ժողովուրդը հավատում էր, թե սրանք օժտված են հիվանդություններ բուժելու հատկությամբ, և հաճախ տարբեր վայրերից հիվանդներին, հատկապես երեխաներին, ուխտի էին բերում դրանց մոտ։ Ժողովուրդը խաչքարերն իմաստավորել է նաև որպես բնության տարերքը, չարիքները սանձահարող ուժի խորհրդանիշներ։ Դրանք կոչվում են «Ցասման» խաչքարեր։ Մարդիկ ուխտի էին գնում այդ խաչքարերին՝ համոզված լինելով, թե դրանք կօգնեն կասեցնելու երաշտը, կարկուտը, երկրաշարժը...

Հայաստանում ամենաշատ խաչքարեր եղել են Ջուղայի գերեզմանատանը։ 17-րդ դարի սկզբին այնտեղ կար 10 հզ. խաչքար, այժմ մնացել է մոտ 2600։ Սովետական Հայաստանի տարածքում ամենաշատ խաչքարերը Կամոյի շրջանի Նորադուզ գյուղում են, որտեղ դրանց թիվը հասնում է հազարի։ Նորադուզի խաչքարերի «անտառը» մի յուրահատուկ թանգարան է, խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածու։ խ

Խաչքար կերտող վարպետներն իրենց անվանել են քարգործ, կազմող, հորինող,