Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գծող։ Նրանցից քչերի անունն է պահպանվել։ 12-րդ դարում ամենանշանավորը Մխիթար վարպետն էր։ 13-14-րդ դարերում է գործել հայտնի Մոմիկը: Իրենց բացառիկ բարձր արվեստով հիացնում են Գոշավանքի՝ 1291 թ. կերտված խաչքարերը, որոնց հեղինակը Պողոսն է։ Ամենից շատ խաչքարեր ստեղծել է վարպետ Քիրամը։ 1551-1610 թվականներին նա կերտել է շուրջ 300 խաչքար, որոնցից շատերն այժմ էլ կանգուն են։

Խաչքարերը հայրենասիրության, հայ ինքնատիպ մշակույթի, հայ ժողովրդի գեղագիտական բարձր ճաշակի արտահայտությունն են և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային արվեստի գանձարանում։

Խարանկարում

Նկարում պատկերված է մի պարզ գործիք՝ բաղկացած տրանսֆորմատորից և նրան միացված ասեղից։ Այդ գործիքի օգնությամբ դուք կարող եք պատրաստել շատ գեղեցիկ իրեր՝ դեկորատիվ ափսեներ, սկահակներ, պատի զարդեր, կամ էլ զարդանախշել լորենու, հաճարենու փայտից պատրաստված զանազան ինքնաշեն իրեր։

Նախ սկսեք պարզ պատկերներից։ Լավ խարանկարել սովորելուց հետո միայն անցեք ավելի բարդերին։ Խարանկարը կարելի է ներկել տեմպերայով, անիլինային ներկերով, յուղաներկով, ջրաներկով կամ լաքապատել (լաքը քսեք տափակ վրձնով, մի քանի շերտով, ամեն անգամ թողնելով, որ այն չորանա)։

Ահա ձեզ մի քանի խորհուրդ ևս։

Խարանկարելուց առաջ իրի մակերևույթը լավ հարթեցրեք մանրահատիկ զմռնիտի թղթով։ Եթե ինքներդ նկարել չգիտեք, պատկերը փայտի վրա փոխանցեք պատճենաթղթով։ Որպեսզի նկարը չփչանա, նրա վրա մոմաթուղթ դրեք և նոր միայն կոշտ մատիտով գծեք ուրվագծերը։

Ասեղը պետք է շիկացնել մինչև մուգ բալի գույն ստանալը։ Եթե ասեղը բավարար չափով չի շիկանում, այն միացրեք տրանսֆորմատորի՝ ավելի բարձր լարման (4֊6 վոլտ) սեղմակներին։ Ասեղը շարժեք դանդաղ, սահուն, հավասարաչափ, սկսած գիծը տարեք մինչև վերջ՝ առանց ընդհատելու և ուժեղ սեղմելու։ Ուղիղ գծերը քաշեք մետաղե քանոնով։ Աշխատանքն ավարտելուց հետո տրանսֆորմատորն անջատեք, շիկացած ասեղը դրեք անդյուրավառ պատվանդանի վրա։ Մի մոռացեք նաև օդափոխել սենյակը։

Խեժափիճի

Սիբիրի Տյումեն քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվեց մի ջրմուղ, որի փայտե խողովակները, մի ամբողջ դար մնալով հողում, չէին փտել։ Պարզվեց, որ այդ խողովակները պատրաստված էին խեժափիճուց։

Սիբիրաբնակները սիրում են այդ ծառը։ Չէ որ նա մի շարք արժեքավոր հատկություններ ունի։

Սիբիրյան խեժափիճին չի վախենում ոչ մի սառնամանիքից։ Նա չի ջարդվում նույնիսկ ամենաուժեղ քամուց։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, արագ է աճում և ապրում է շուրջ 400—500 տարի։ Նրա բնափայտը հայտնի է իր ամրությամբ, ճկուն է ու դիմացկուն։ Նրանից պատրաստում են ստորջրյա զանազան կառույցներ, նավերի բազմաթիվ մասեր, կահույք, այն օգտագործում թղթի, ցելյուլոզի (թաղանթանյութի) արտադրության մեջ։ Ծառի բարձրությունը հաճախ հասնում է 30-50 մ-ի, իսկ տրամագիծը՝ ավելի քան մեկուկես մետրի։