Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծաղկաձոր

Շատ տարիներ են անցել այն օրից, երբ Ծաղկաձորում, Թեղենիս լեռան լանջերին փռված անտառի փեշին խփվեցին առաջին վրանները, և ամառվա շոգից այստեղ ապաստան գտան ընդամենը հարյուր երեխա։ Դա 1924 թ. էր։ «Խիզախների հովիտ» անվանեցին առաջին ճամբարականներն իրենց «նստավայրը»։ Եվ դարերի պատմություն ունեցող Ծաղկաձորը, որ հնում կոչվում էր Ծաղկոցաձոր կամ Ծաղկունյաց ձոր և եղել է հայոց Արշակունի թագավորների ամառանոցը, դարձավ պիոներական առաջին քաղաքը Հայաստանում։

Ուր ծաղիկներ են ծփում մեղմօրոր,
Ալ փողկապներն են փողփողում ասես,
Ուր կածաններ կան ոլոր ու մոլոր՝
Ասեղնագործած գոսփների պես ...
Չքնաղ այս ձորը՝ ծաղիկների ծով,
Ունի մի սիրուն անուն՝ Ծաղկաձոր:

Ամեն ամառ Ծաղկաձորի բազմաթիվ ճամբարներում հանգստանում են մեր հանրապետության, ինչպես նաև Սովետական Միության տարբեր ծայրերից եկած հազարավոր պիոներներ։ Այստեղ իրենց ամառն են անցկացնում նաև սփյուռքահայ շատ երեխաներ։ Ամեն մի ճամբար ունի մի-մի գեղեցիկ անուն՝ «Գարուն», «Փարվանա», «Մեսրոպ Մաշտոց», «Արծվիկ»... Որ ճամբարն էլ մտնես, անմիջապես զգացվում է պիոներական աշխույժ ամառվա շունչը։ Մի տեղ երեխաները ճոճանակ են խաղում, մի ուրիշ տեղ՝ սեղանի թենիս կամ ֆուտբոլ... Ճամբարի մի անկյունում ջրավազանն է, որի մեջ խայտում են մանրիկ ձկները. պատանի ձկնորսներն են բռնել մոտակա գետակից։ Ճամբարի շտաբում հավաքվել են պիոներական դրուժինայի անդամները։ Նրանք քննարկում են հերթական արշավի ծրագիրը։

Հնչում է շեփորի ձայնը։ Անտառի կանաչ բացատում շուրջպար են բռնել պիոներները։ Ամեն երեկո աստղաձև խարույկների շուրջը նրանք երգում են, արտասանում, խաղեր կազմակերպում։ Թավ անտառների ծաղկաբույր արահետները պիոներներին տանում են արշավի, դեպի Արջաղբյուր ու Թթուջուր, դեպի ձյունե կատարով Թեղենիս լեռը, որտեղից այնքան պարզ երևում են Ծաղկաձորի ողջ տարածքը, դիմացի բլրի վրա սպիտակ ծաղկատառերով գրված պիոներների խոստման նշանաբանը՝ «Միշտ պատրաստ»։

Ծաղկաձորում է գտնվում Սովետական Միության օլիմպիական գլխավոր հանգրվաններից մեկը՝ գեղեցիկ շենքերով, խաղահրապարակներով, ջրավազաններով մարզական համալիրը։ Այստեղ մարզվելու են գալիս ինչպես սովետական, այնպես էլ աշխարհի շատ երկրների մարզիկներ։