Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արձակվող հրթիռների ուղեծրերը հաշվարկելիս գիտնականներն օգտագործում են մոլորակների շարժման այն օրենքները, որ հայտնագործել է գերմանացի մեծ աստղագետը։

Կետա

Մեծ և ուժեղ կետա ձուկն ապրում է Խաղաղ օվկիանոսում, իսկ նրա մատղաշները ձկնկիթից դուրս են գալիս ու մեծանում են գետերում։ Դրա համար էլ ամեն ամռան կեսին խաղաղ օվկիանոս թափվող գետերում հայտնվում են կետաների վտառներ, որոնք գալիս են ձկնկիթ դնելու։ Ձկներն անընդհատ լողում են գետն ի վեր, անցնում են սահանքները, շրջանցում պատնեշները, մինչև հասնում են գետի ակունքին։ Այստեղ, ծանծաղ ջրի խճահատակին կետան բույն է պատրաստում` մի փոքրիկ փոս է բացում գետաքարերի ու ավազի մեջ։ Այդտեղ էլ նա դնում է ձկնկիթը, ապա պոչի վստահ շարժումներով ծածկում գետաքարերով։ Հետո, մոտ երկու շաբաթ, բույնը եռանդուն պաշտպանում է թշնամիներից։ Ամբողջ աշունն ու ձմեռը ձկնկիթը մնում է բնում, իսկ գարնան մոտ այնտեղից դուրս են գալիս մատղաշները։ Նրանք երկար չեն մնում գետում, այլ հոսանքն ի վար ուղղվում են այնտեղ, որտեղից եկել էին իրենց ծնողները դեպի ծով, դեպի օվկիանոս։ Օվկիանոսում մատղաշներն աճում են, հասունանում և 3-5 տարի հետո հայտնվում այնտեղ, ուր լույս աշխարհ էին եկել։ Նրանք անսխալ գտնում են նույն այն գետը, անցնում նույն սահանքը, շրջանցում նույն պատնեշները, ինչ իրենց ծնողները, և նույն տեղում նոր բներ են շինում։ Ո՞վ է, որ նրանց ցույց է տալիս ճանապարհը. չէ՞ որ 3-5 տարի նրանք ապրել էին օվկիանոսում և այդ ընթացքում ոչ մի անգամ չէին եղել այդ գետում։ Գուցե, ծնողները, որոնք արդեն եղել էին այդտեղ: Ոչ, այն ձկները, որոնք վերջացնում են ձվադրումը, այլևս օվկիանոս չեն վերադառնում։ Ձվադրումից հետո նրանք սատկում են։ Երիտասարդ կետան ինքն է գտնում ճանապարհը։ Բայց ինչպե՞ս։ Գիտնականների կարծիքով, ձկներն առաջնորդվում են բնազդով։ Կետան ուրիշ հանելուկներ էլ է առաջադրում։ Ծովում կետաներն արծաթավուն են, իսկ երբ մտնում են գետ, նրանց գույնը փոխվում է, ամեն ձուկ կարծես ներկվում է դեղին, մորեգույն և բաց մանուշակագույն։ Գետ մտնելիս կետան փոխում է նաև իր մարմնի ձևը. նրա մեջքին սապատ է հայտնվում։ Կետայի սապատը այնքան էլ մեծ չէ, բայց նրա մերձավոր ցեղակիցը` սապատաձուկը, շատ ուժեղ է «սապատավորվում»։ Որոշ գիտնականներ այս երևույթը վերագրում են նոր պայմաններին հարմարվելուն։ Ծովում կետայի արագ շարժվելուն հարմար է մարմնի երկարավուն ձևը, ինչպես սուզանավերինն է։ Իսկ գետում, հատկապես ձվադրման ժամանակ, նրա համար ավելի կարևոր է կայուն վիճակը։ Ձվադրող կետան պետք է կարողանա սրընթաց հոսանքում նույն տեղում մնալ, հեշտությամբ մանևրել։ Ահա և նրան օգնության է գալիս սապատը, ինչպես ողնուցը նավին։ Կետան մոտ ցեղակիցներ շատ ունի՝ սապատաձուկը, ներկան, չավիչան։ Սրանք բոլորն էլ վարում են նույն կենսաձևը, ինչ կետան, և բոլորին անվանում են հեռավոր արևելյան սաղմոններ։ Կան նաև ուրիշ օգտակար սաղմոններ՝ սյոմգա, սևծովյան ու կասպիական սաղմոններ, լճասաղմոն, կումժա և կարմրախայտ։ Այս ձկները ևս, ինչպես կետան, ապրում են օվկիանոսներում, ծովերում կամ մեծ լճերում, իսկ ձվադրման ժամանակ ուղևորվում են դեպի գետերը։ Միայն կարմրախայտն է, որ այդքան չի հեռանում։ Սովորաբար նա ապրում ու ձվադրում է միևնույն գետում։

Կետեր

Ձեզանից շատերը, երևի, կարծում են, թե կետը ձուկ է, որովհետև ապրում է ջրում։ Բայց կետը ձուկ չէ և շնչում է ոչ թե խռիկներով, այլ թոքերով։ Ու թեև նա կարող է