Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սնահավատություն

«Սնահավատություն» բառն առաջացել է «սին», «դատարկ» և «հավատ» բառերից: Սնահավատությունը հավատն է զանազան անհիմն ու հնարովի նախանշանների հանդեպ: Ահա, օրինակ, սև կատուն կամ նապաստակը կտրեց անցավ ճանապարհը. սնահավատ մարդը մտածում է վատ նշան է: Կամ, ասենք, աղը թափվեց սեղանին ուրեմն անպայման կգժտվես բարեկամներիդ հետ: Բնակարանիդ համարը 13-ն է՝ վատ է. հանդիպել ես ջրով լի դույլերով կնոջ, ուրեմն լավ է, առատության մեջ կապրես: Որոշ անգետ մարդիկ կարծում են, թե խաղաթղթերով կամ ձեռքի ափագծերով կարելի է գուշակել մարդու ապագան, իսկ ոմանք էլ հավատում են երազներին, թե, իբր դրանցով կարելի է գուշակել «բախտը»:

Այս բոլոր սնահավատությունների ակունքը մեր հեռավոր նախնիների հավատալիքներն են: Վաղնջական ժամանակների որսորդներն, ձկնորսները, որոնց զենքը միայն քարն էր, փայտը կամ նիզակը, չէին կարողանում բացատրել բնության մեջ տեղի ունեցող երևույթները: Ամեն ինչ նրանց առեղծվածային էր թվում և հաճախ ահ ներշնչում: Նրանք կարծում էին, թե ողջ բնությունը բնակեցված է անտեսանելի էակներով՝ «ոգիներով»: Եթե որսի ժամանակ որսորդը զոհվում էր, ուրեմն չար ոգին էր մեղավորը, եթե թունավորվում էր թունավոր սնկերով, դարձյալ չար ոգին էր նրան սպանողը: Նրանք հավատում էին, թե չար ոգին կարող է բնակություն հաստատել կենդանիների, օրինակ, կատվի մեջ. հո զուր չի՛, որ նրա պոչն այդպես գալարվում է, աչքերը պսպղում են, մազերն ել փշաքաղվում են ու կայծեր արձակում: Ու երևի չար ոգին ամենից հաճախ սև կատվի մեջ է մտնում, չէ որ սև գույնը խորհրդավոր ու ահազդու գիշերվա գույնն է, երբ ոչինչ չի երևում: Այդպես մարդն սկսեց վախենալ սև կատվի հանդիպելուց:

13 թիվը վախեցնում է սնահավատ մարդկանց: Ա՛յ 12-ը հարմար, լավ թիվ է, երկվեցյակ (դյուժին), ինչպես ուզում ես վարվիր հետը՝ բաժանիր երկու, երեք, չորս նույնիսկ վեց մասի: Բայց բավական է 12-ին ավելացնես մեկ, բոլոր օգտակար հատկությունները հօդս կցնդեն: Այդպես առաջացավ 13 թվի վախը. այն սկսեցին անվանել սատանայի դյուժին:

Ա՛յ, թե որտեղից է գալիս սնահավատությունը՝ խոր ու խավար հնադարից: Գիտությունը մարդկանց ճիշտ պատկերացում է տալիս շրջապատող աշխարհի, բնության երևույթների մասին, և սնահավատությունն աստիճանաբար անցյալի գիրկն է անցնում:

Սնկեր

Հաճախ սնկի հետ հողից քաղվում է նաև սնկամարմինը՝ երկար ու բարակ թելեր: Այդ բարակ թելերն էլ հենց բույսն են՝ սունկը: Իսկ, այն, ինչին մենք սովորաբար սունկ ենք անվանում, այդ բույսի միայն պտղամարմինն է:

Ահա ծառի տակ սունկ է աճել: Այն ընդամենը մեկ օրական է: Իսկ ծառի տարիքը տարիներ է հաշվվում: Նույն տարիքն է և սնկամարմինը. ծառն ու սնկամարմինը միասին են աճել: Բայց հնարավոր է, որ սնկամարմնի տարիքն ավելի մեծ է, և այն օգնել է ծառին աճելու: Այո, հենց օգնել է: Հաճախ սնկամարմինը հյուսապատում է ծառերի արմատների ծայրերը: Դա երկուսի համար էլ հարմար է: Ծառը սնկին տալիս է պատրաստի սնունդ՝ արմատներից արտադրվող շաքար: Իսկ սունկը հողում պատրաստվող նյութերի քայքայման արգասիքներն է մատակարարում նրան:

Տարբեր սնկեր տարբեր ծառերի հետ են «ընկերանում». կեչու հետ՝ կեչասունկն ու սպիտակ սունկը, կաղամախու հետ՝ կարմրագլուխ սունկը, տխլենու հետ՝ աղվեսասունկը:

Սակայն սունկ է ոչ միայն այն բույսը, որ հավաքում ենք անտառում: Օրինակ, բորբոսը նմա՞ն է սնկի: Մինչդեռ, անուամենայնիվ, բորբոսը նույնպես սունկ է, անթիվ, անհամար սնկեր՝ չափազանց բարակ ու երկար թելեր: Այդ սնկերի մեջ քիչ չեն մակաբույծները, որոնք ապրում են ուրիշ բույսերի հաշվին, նաև՝ «քայքայիչները», որոնք փոշի են դարձնում անգամ ամենաամուր գերանները, ոչնչացնում ծառերը, ավերում տները: Բայց կան նաև այնպիսի բորբոսասնկեր, որոնք շատ պիտանի են մարդկանց: Օրինակ, այդպիսի մի սնկից ստանում են կարևոր դեղանյութ՝ պենիցիլին:

Խմորասնկերը ևս մանրագույն սնկեր են: Անբարենպաստ միջավայրում նրանք ասես մահանում են: Բայց բավական է