Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տուրիստ

Կարճ ասած տուրիզմը ճանապարհորդություններ են: Երբ ուզում եք ծանոթանալ զանազան ժողովուրդների ինքնատիպ կյանքին, տեսնել ձեզ անծանոթ երկրներ, հնագույն հուշարձաններ կամ հնգամյակների կառույցներ, ականավոր մարդկանց անվան կամ նշանակալից իրադարձությունների հետ կապված վայրեր, դուք ճանապարհորդության եք մեկնում, դառնում եք տուրիստներ՝ զբոսաշրջիկներ:

Իսկական տուրիստներն արշավի ժամանակ ոչ միայն հանգստանում են, այլև աշխատում են հնարավորին չափ շատ բան իմանալ տվյալ երկրամասի մասին, ուսումնասիրում են նրա պատմությունն ու աշխարհագրությունը:

Ամառային երկարատև արշավների ժամանակ դրանց մասնակիցները հաճախ օգնում են խոտհնձով կամ բերքհավաքով զբաղված կոլտնտեսականներին: Հանգստի օրերին կարող են զրույց անցկացնել, ինքնագործունեության համերգ կազմակերպել:

Տուրիստները բնության ակտիվ պաշտպաններն են: Նրանք ծառեր չեն հատում, անտառի համար հրդեհի սպառնալիք ներկայացնող մեծ խարույկներ չեն վառում, չեն ոչնչացնում կանաչ տնկիները և ամեն կերպ պայքարում են բնությանը վնաս հասցնողների դեմ:

Ամենևին էլ պարտադիր չէ նորը, անհայտը փնտրել յոթ սարի ետևում: Հաճախ այդ նորը գտնվում է հենց ձեր կողքին, ձեր իսկ շրջանում: Պետք է միայն կարողանալ գտնել այն:

Անխոնջ ճանապարհորդ և հրաշալի գրող Մ. Մ. Պրիշվինն ասում էր, որ շատ կարևոր է դիտել սովորելը:

Վերցնենք, օրինակ, փոքր գետակը կամ առվակը: Որտե՞ղ է դրանց ակունքը: Քայլեք հոսանքն ի վեր, դիտելով, թե ինչպես են փոխվում տեղանքի ռելիեֆը, բուսականությունը: Փորձեք բացատրել այդ փոփոխությունների պատճառը: Իսկ ճանապարհին կազմեք բույսերի հերբարիումներ, միջատների հավաքածուներ: Իմացեք, թե ինչով են զբաղվում այդ վայրերում ապրող մարդիկ: Եվ կհամոզվեք, թե որքա՛ն շատ ու հետաքրքիր բան կա ձեր շուրջը և որքան քիչ գիտեք դուք ձեր հարազատ եզերքի մասին:

Պակաս հրապուրիչ չէ արշավների ժամանակ սեփական երկրամասի պատմությունն ուսումնասիրելը, համերկրացիների հրաշալի գործերի ու սխրանքների մասին տեղեկանալը: Պատահական չէ, որ շատ պիոներներ ու կոմերիտականներ արշավի են մեկնում սովետական ժողովրդի հեղափոխական, մարտական ու աշխատանքային փառքի վայրերով:

Տուրիստական արշավների ընթացքում ձեռք են բերվում բազմաթիվ կարևոր հմտություններ և ունակություններ: Արշավները կոփում են ֆիզիկապես, սովորեցնում հաղթահարել դժվարությունները, լինել անվախ, հնարամիտ, պատրաստ ամեն պահ օգնելու ընկերոջը:

Տուրիստները գնում են շարասյուն կազմած, իրար ետևից: Ուղեկցողը նախազգուշացնում է արգելքների մասին և կարգավորում ընթացքի արագությունը՝ հաշվի առնելով անմիջապես իր ետևից քայլող ֆիզիկապես ամենաթույլ մասնակիցների ուժերը: Շարասյունը եզրափակում են ամենաուժեղները:

Չափից ավելի չհոգնելու համար 40-50 րոպեն մեկ հարկավոր է 10-20 րոպեանոց դադար առնել, իսկ ճաշի դադարը պետք է տևի 2-3 ժամ:

Երրորդ, չորրորդ դասարանի աշակերտները մեկնում են միայն մեկօրյա արշավի, միշտ իրենց ուսուցչի կամ ջոկատավարի հետ՝ անցնելով ոչ ավելի քան 15 կմ ճանապարհ:

Տուրիզմը լայն թափ է ստացել մեր հանրապետությունում: Իսկ գիտե՞ք, որ մեզ մոտ տուրիստական առաջին ճանապարհորդություններից մեկը կազմակերպել են Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) 30 պիոներներ, 1923 թ.,Ալեքսանդրապոլ–Արագած–Աշտարակ–Էջմիածին–Երևան երթուղով: Այժմ տուրիզմի խմբակներ են գործում հանրապետության բազմաթիվ դպրոցներում, որոնց աշխատանքը ղեկավարում է Երևանում գործող պատանի տուրիստների հանրապետական կայանը: Այն կազմակերպում է տուրիստական արշավներ, անցկացնում պարապմունքներ, օգնում դպրոցներում բացելու հայրենագիտական թանգարաններ: «Լենինի դրոշով», «Մեծ կառույցների առօրյան», «ՊԱՊ-ից՝ տուրիստական վարպետության բարձրացում» և այլ նշանաբաններով անցկացվող նախադասությունների ժամանակ պատանի տուրիստները հավաքում են Լենինի զինակիցների կյանքին ու գործունեությանը նվիրված նյութեր, կազմում այս կամ այն ձեռնարկության տարեգրությունը, մարզումներով բարձրացնում իրենց տուրիստական վարպետությունը: