Էջ:Լուր–դա–լուր 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԼՈՒՐ-ԴԱ-ԼՈՒՐ
(Քրդական պոեմ)

Այնտեղ, Սև-ջրի չքնաղ եզերքներին էր, որ ապրում էր Հասոն։

Երկրի սիրուն և քաջ պատանին էր նա։ Ոչ մի մարդ նրան չէր կարող զինաթափ անել։ Ավազակը սիրտ չուներ նրա հոտի շուրջը ման գալ և ոչ իսկ գայլը ոչխարի կողքին քարշ գալ։ Հասոն որքան բարի էր դեպի լավը, այնքան էլ անգութ էր դեպի չարը։

Սիրուն էր Հասոն, նոր ծագող արևի պես չքնաղ։ Երկրի աղջիկների խելքը գնում էր նրան տեսնելիս։ Հապա նրա նվագե՞լը։ Նրա սրնգից հանած ձայները կարելի էր, որ հրեշտակները ունենային այնքան գրավիչ, այնքան սիրահույզ։ Ձայներ, որոնք հոսում էին մելամաղձիկ, քչքչում էին որպես հեզիկ վտակ, դայլայլում որպես սիրահար սոխակ։

Մարդ թե անասուն, այդ ձայնը լսելիս, ակամա մոտ էր զալիս, քարանում և աշխատում էր չկորցնել ո՛չ մի խազը, ո՛չ մի գեղզեղանքը։

Նստում էր Հասոն ժայռերի գլխին, աչքերը ուղղած լա՜յն հորիզոնին, Սև-ջուրը գալարապտույտ ոտքերի տակին, զղզղուն զեփյուռը խաղում ճակատին։

Եվ նա նվագում էր։

Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս ոչխարներն այն անմիտ՝ մոռացել էին ուտելը, մոտ էին գալիս։

Հասոն քարերն էր դողացնում, Սև-ջրի ալիքները հուզում,