Էջ:Լուր–դա–լուր 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հեռատես էր աղան ու խիստ խորամանկ։ Շուտով նկատեց Հասոյի սերը։ Բարկացավ, կատաղեց, ուզեց սպանել հանդուգն հովվին․ բայց խոհեմ էր, չուզեց իր տան անունը կոտրել հավիտյան և մի հովվի արյունը մտնել ընդունայն։

Բայց ի՞նչ կասեին, եթե իմանային, որ մի չոբան նրա աղջկա ետևիցն է ընկել։ Պետք էր Հասոյին հեռացնել․ հեռացնել ինքնակամ, զոհ խորամանկության։ Պետք էր այնպես մի խաղ սարքել, որ Հասոն ինքը թողներ հեռանար և մեկ էլ այդ կողմերը չվերադառնար։

Մտածեց աղան երկար, մտածեց ու գտավ հնարք։

Մարդ ուղարկեց, կանչեց Հասոյին և ասաց նրան․

— Գիտեմ, Հասո,— ասաց չար աղան,— գիտեմ, որ սիրում ես դու իմ աղջկան։ Քաջ տղա ես ինքդ, լսել եմ, լավ էլ ածում ես սրինգ։ Աղջիկս քեզ կտամ, միայն կդնեմ մի պայման։

Լսել եմ, որ ոչխարները քեզ հնազանդում են և սրինգիդ ձայնից գրավված քեզ մոտ գալիս են։

Գետնից մինչև այդ բարձր աշտարակը տեսնո՞ւմ ես, նրան դնել կտամ փայտյա սանդուխքը․ դու կնստես այնտեղ, բարձրում, ոչխարները կժողովվեն ցածրում։ Ահա պայմանը։ Եթե դու բարձրից, սրինգդ հնչեցնելով, կարողացար ոչխարներին սանդուխքի վրայով քեզ մոտ վեր հանել, այն ժամանակ աղջիկս քեզ հալալ, առ ու վայելիր։

Ապա թե ոչ, խայտառակ եղիր, ինչ ունիս չունիս հավաքիր և քանի շուտ է, այս կողմերից հեռացիր։ Մի հովիվ աղայի փեսա չի լինիլ, այդ էլ խելքիցդ հանիր։

Հասոն ժպտեց, խոր գլուխ տվեց.

— Տեր ես, աղա,— ասաց.— ասածիդ համաձայն եմ։

Եվ շինել տվեց աղան փայտյա սանդուխքը։ Իննսունևինն աստիճան ուներ նա։ Հասոյից ծածուկ կոտրեց նրա մեջտեղի մի աստիճանը, կոտրածը նույն կերպով դրեց իր տեղը այնպես, որ ոչինչ չէր երևում, բայց մի թույլ սեղմումն հերիք կլիներ փայտը ձգելու և մի աստիճանից դեպի մյուսը, մի գազաչափ տեղ բաց թողնելու։ Այսպիսով էլ ոչխարների անցնելը անհնար դարձնելու։