Էջ:Լուր–դա–լուր 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օ, չա՛ր էր աղան․ հպարտ էր, հպա՜րտ։

Այդ խայտառակությունը արեց չար աղան։ Հասոյին աշտարակի ծայրը հանեց, Զալխեին՝ պատշգամբի վրա, ասաց հովվին.

― Ահա Զալխեն, խրախուսվիր, հալալ է քեզ նա, թե ասածս արիր։

Զալխեն տեսավ Հասոյին, ժպտեց նրան, կարմրեց և նշան արավ։ Իմացավ հովիվը, որ Զալխեն էլ սիրում էր իրեն։ Սիրտն ուրախությունով լցվեց։ Առավ սրինգը, բերնին դրեց, քոլոզը ծռեց, նվագն սկսեց։

Թնդաց սար ու ձոր, շարժվեցին ծառեր, դողացին քարեր։ Հուզվեց չար աղան, խելահեղ՝ Զալխեն․ քիչ մնաց թռներ ու ցած գնար, ոչխարի պես ընկներ Հասոյի ոտքերը։

Շարժվեցին ոչխարները, մոտեցան սանդուխքին ու սկսեցին միմյանց ետևից բարձրանալ աշտարակն ի վեր։

―――――――――

— Լո՛, լո՛, լո՛, Սև-ջրի չոբան, սար ու ձոր մղկտացնող ջիվան, գագան մեղմացնող, քար ու ծառ հուզող չոբան։ Ինչո՞ւ հիմարի պես հավատացիր աղային, ինչո՞ւ բարձրացար ծայրն աշտարակի։ Ջուր դառնայիր մորդ փորում, Հասո։

Երանի չմտնեիր այս աշխարհը, որ լի է աղաներով։ Երանի չտեսնեիր արևի փայլը, որ քեզ այրեց, խորովեց, Սև-ջրի ալիքները, որ քեզ տրորեց, շամբի օրորվելը, որ քեզ կախարդեց։

Լո՛, լո՛, լո՛… Մի՞թե քուրդն այնքան անազնիվ եղավ, որ սերը ծաղրեց։ Մի՞թե նրա խիղճը կորավ, աստվածը մոռացավ։ Խեղճ Հասոյին ինչո՞ւ շեյթանի բաժին արավ, աշխարհը լաց ու սուգի մեջ դրավ… Լո՛, լո՛…

――――――――――

Հա՛ բարձրանամ էին ոչխարները, հրում միմյանց․ սրնգի ձայնիցը դյութված՝ մոռանում էին տակի անդունդը։ Աչքերը Հասոյին ուղղած՝ բարձրանում էին։ Աշխարհը զմայլած դիտում Էր։ Չար աղան քար էր կտրել, Զալխեն մինչև կես մեջքը կռացել, ձեռքերը Հասոյին պարզել՝ գոչում էր․