Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միմյանցից համեմատաբար տարբեր, սակայն հայկական ճարտարապետության պատմական նշանակության տեսակետից միանգամայն աննպաստ էին այդ հուշարձանների ոճի մասին հայտնված կարծիքները: Միայն մի քանի մասնագետներ էին առանձին հուշարձանների վրա նկատել ոճական ինքնուրույնություններ: Ամենայն հավանականությամբ այդ կարգի հիշատակություններն է ակնարկում Թորամանյանը, երբ իր Անի գնալու պատճառների մասին գրում է. «1903 թվականին... հուլիս ամսո մեջ մտա հայոց հին մայրաքաղաք Անին, հետաքրքրված գիտնական ճանապարհորդներու անոր մասին տված շահեկան տեղեկություններեն»[1]:

Անիում Թորամանյանը գտնում է իր սպասածից շատ ավելին: Կենդանի իրականությունը անհամեմատ հարուստ էր և բազմախոստում, քան նրա մասին եղած գրականությունը:

Ի դեպ, նախքան Անի գալը Թորամանյանը հեռավոր ճանապարհորդություն էր կատարել դեպի Հռոմ, Հունաստան, Եգիպտոս՝ մոտիկից ընկալելու գրականությունից հայտնի ճարտարապետական արվեստի գլուխգործոցները: Աշխարհահռչակ հուշարձանների թարմ տպավորության տակ գալով Անի, Թորամանյանը ավելի լավ է տեսնում ու գնահատում հայկական ճարտարապետության բնորոշ գծերը:

Անիից ստացած աոաջին տպավորության մասին մի քանի տարի հետո նա գրում է. «Անակնկալ նորություն էր ինծի համար տեսնել այնքան գեղարվեստական գոհարներով լեցուն անկյուն մը, ուր իբր օվասիս, Արևելքի հնադարյան խավարի մեջ ծլած ու ծաղկած էր...

...Զիս հետաքրքրեցին անոր ոչ միայն մինչև այն ինձ գրեթե անծանոթ գեղարվեստի գեղեցիկ ու ներդաշնակ հորինվածներու անհուն հարստությունը, այլև մեր ներկա գիտության համար ալ նորություն համարվելու չափ շինարարական արվեստի հետաքրքրական մասերը»[2]:

Իր գեղարվեստական ոճով և հատակագծային ձևի ուրույն առանձնահատկություններով Անիի ավերակներից ավելի Թորամանյանին արտակարգ հիացմունք է պատճառում Վաղարշապատի մոտ նոր պեղված VII դարի հուշարձան, փլատակների վերածված Զվարթնոց տաճարը:

Հայկական ճարտարապետության ինքնուրույնությունը հաստատող այդքան առատ փաստերի կողքին, նրա մասին տիրող նսեմացուցիչ գնահատականների գոյությունը Թորամանյանը բացատրեց հայ հուշարձանների վերաբերյալ գրականության աղքատությամբ և նրա մեջ տեղ գտած աղավաղումներով ու անճշտություններով:

Իր մեջ զգալով այդ թերությունները վերացնելու և հայ պատմական ճարտարապետությունն ուսումնասիրողներին ճշգրիտ նյութ մատակարարելու եռանդ ու կարողություն, Թորամանյանը որոշում է առժամանակ մնալ Անիում և մանրամասն չափագրել այնտեղ պահպանված կիսականգուն և ավերակ հուշարձանները: Հետագայում այդ առթիվ Թորամանյանը գրում է. «Իրարու հաջորդող զանազան

  1. Թ. Թորամանյան, «Բեթրսպուրկի կայսերական գիտությանը ճեմարանի հարգելի Կաճառին դիմում», 1907, էջ 1 Բնագիրը' Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ:
  2. Նույն տեղում, էջ1-2: