Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

75. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1910, 2 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Ա․ Չոպանյան,

Չեմ մոռցած Ձեզ և «Անահիտ»-ը1․ ներողություն կխնդրեմ, որ մինչև այժմ չեմ կարողացած գրել սաստիկ զբաղումներուս պատճառով։ Աշխատություններես մեկը հազիվ վերջացուցեր եմ այս շաբթու. մի երկու շաբաթ հետո մյուսն ալ կավարտվի և կհանձնեմ անպատճառ Ձեզ խրկվելիք հոդվածներս։

Առանց Ձեր գրելուն ալ ինձ հասկանալի էր հայ մտքի մշակին ճակատագրական կերպով անբաժան զրկանքն ու կարոտությունը. հասարակական բարվույն ծառայել ուխտող հայ գործիչը մինչև որ իր սեփական արյունի ու արցունքին մեջ չի թաթխե գրիչը, չուրախանար հայ ազնվականը, անոր համար ողորմության ամենեն անարգ տեսակն է հայ գրչին ու գիտնականին տրված օժանդակությունը։ Ուստի արդեն չէի կարող խրկել Ջեզ այնպիսի պատկերներ, որոնք մեծ ծախք և զոհողություն պահանջեին Ձեր համեստ միջոցներուն հակառակ։

Ես չի պիտի գրեմ ամբողջ հայության համար, որ անկասկած արհամարհանքով գլուխը անդին պիտի դարձնե. պիտի գրեմ ի նկատի ունենալով այն խիստ փոքր դասակարգը2, որուն շատ վաղուց տենչն էր լսել այս կարևոր նյութին վրա իմ կատարելիք նորանոր հայտնություններս։

Մի հոդվածի մեջ պիտի ջանամ հնար եղածին չափ ընդհանուր գծերով ամփոփել հայ ճարտարապետության ծագումը, զարգացումն և իր համաշխարհային արշավանքները մինչ վերջնական անկում.