Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրվեցավ, որ ես այդ աշխատությունը կատարում եմ համամարդկային և մասնավորապես հայ ցեղին պատմության և գիտության օգտին համար, և ապրում եմ դառն նեղության մեջ։ Կոչումներ արին օգնության հասնելու. գտնվեցան կովկասահայեր, որոնք մեկ անգամեն այնքան գումար դրին իմ տրամադրության տակ, որչափ այդ մեծ շնորհ կարծված գումարը։ Եթե մի օր, մի հատ մեճիդիե 5 հանուն տաճկահայության ստացած լինեի, պարզապես ինքզինքս հպարտ պիտի զգայի և այսքան ալ ամոթ պիտի չզգայի հայրենակիցներուս անորակելի անտարբերության և անզգայության վրա։ Մի համեստ կարողության տեր Կարանյանցը ավելի քան 600 ռ<ուբլի> ծախսեց6 գրքին մեկուն հրատարակության համար։ Կովկասը գրեթե հազար օրինակեն 500-ը սպառեց, և գիտե՞ք շատ անգամ վրան գրված գնին չէին նայում, այլ իբրև անձնազոհ աշխատավորի վարձատրություն 4, 5, 10 և մինչև 50 ռ<ուբլի> վճարողներ եղան մեկ օրինակ գրքի։ Փորձվեցա տասը օրինակ գիրք ալ Պոլիս ղրկել, կհավատաք, եթե ըսեմ, թե այդ տասը օրինակեն տասը փարա ձեռքս չէ եկած: Ահա այն մարդիկը, որոնց հետ գործ ունեցեր եք Դուք և շատ զարմանալի է, որ դարձյալ Դուք հաջողեր եք այդքան շուտ վերջացնել գործը։ Ես Պալաքյան վարդապետին գրեր ու խնդրեր էի, որ Վիեննա պիտի ուղևորվիմ և այս առթիվ բացատրելով ուղևորությանս նպատակը թախանձագին խնդրեր էի, որ շուտով հասցնե այդ գումարը, և եթե կրնա բան մը ևս ավելի ղրկե որպեսզի պարտքերես մեկ մասը վճարել կարողանամ և մյուս մասը ևս ինծի ճանապարհածախս անեմ։ Զիս պաշտող Պալաքյան վարդապետը ոչ միայն ոչինչ չըրավ, այլև չի բարեհաճեցավ պատասխան իսկ գրել, որուն հետևանքը եղավ պ. Հախումյանի Ձեզ գրելը։ Այդ գումարը դարձյալ իմ գրպանս պիտի չի մտնե. Կարանյանցը ստանալուն պես պիտի վճարե վաղուց ի վեր գոյացած մոտ 1200 ռ<ուբլի> պարտքիս մեկ մասը։ Ես դարձյալ պիտի մնայի բացը և չի պիտի կրնայի այս ցանկալի ճանապարհորդությունը կատարել, եթե չի գտնվեր մի պատվական ու ազնիվ մարդ, հանձին պ. Ս. Հախումյանի, որ պարտք անելով իմ տրամադրության տակ չի դներ 500 ռուբլի, որով ես կարողացա ճանապարհվել։ Որչափ մեծ անարդարություն կլինի իմ կողմանե, երբ ես չի կարողանամ զանազանել մարդոց իրական արժանիքները։ Ի՞նչ անեմ ամբողջ տաճկահայությունը, որ մեկ հատիկ Սիմոն չարժեն, գոնե իմ դրամս ինծի հասցնելու չափ բարեխղճություն չունենան։