Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճանապարհս շարունակելով հասա Հառիճ: Առաջին անգամն էր որ ես Հառիճը կտեսնեի, բնականաբար ինձ համար նյութ կար այստեղ քանի մը օր զբաղվելու: Բայց այստեղի իմ բոլոր աշխատություններուս մասին Ձեզ գրել ավելորդ է, որովհետև վանքում լսեցի, որ Դուք այնտեղ արդեն ղրկեր եք Ձեր սեփական աշխատավորները։ Միայն չեմ կարծեր որ Ձեզ հասած լինի մի հետաքրքրական գերեզմանաքարի լուսանկար, որնոր կերտված է Ձեր Երերուքեն և Ագրակեն բերած գերեզմանաքարերու ոճով: Թիվ 4, 5, 6 լուսանկարները այդ գերեզմանաքարի յուրաքանչյուր կողմերը կներկայացնեն: Ինձ համար առանձնապես հետաքրքրական թվեցավ այս քարի վրա քանդակված մորուսավոր մանուկ Հիսուսը Մարիամի գիրկը նստած (թիվ 6 լուս<անկար>): Այս քարը պատվանդանով միասին գտնված է գյուղի արևելյան կողմը մոտավորապես՝ մեկ վերստ հեռու արտերուն մեջեն, ուր կան ավերակ մատուռներ, զանազան քանդակազարդ բեկորներ, ի միջի այլոց VII դարի սովորական եղող, չափազանց խոշոր տառերով արձանագրությանց բեկորներ։ Թիվ 7 լուսանկարը կներկայացնե Երեմիա Երաժշտի գերեզմանախաչը, որուն մասին հ<այր> Ալիշանի տեղեկատուները սխալ թվական գրած են, (Շիրակ եր<ես> 163) ոչ թե Ժէ, այլ Չէ թվականի շատ որոշ: Թիվ 8 լուսանկարը մի ճգնավորի գերեզմանախաչն է դարձյալ հիշված Շիրակի 163 երեսին մեջ: Բայց այստեղ թվական ամենևին պարզ չէ, թեև Ի տառը որոշ է, իսկ Ի տառին առջև մի Ա տառի հազիվ ուրվագիծ մը կնշմարվի ոչ բոլորովին հաստատ Ա տառ լինելը։ Թիվ 9 լուսանկարը նույնպես Շիրակի մեջ հիշատակված «Երջանիկ ծերունի Գրիգորի առաջնորդի» գերեզմանաքարն է։ Թիվ 10 լուսանկարը Զաքարե և Իվանե եղբայրներու բարձրաքանդակ պատկերն է վանքի արևելյան ճակատին։ Թիվ 11 լուսանկարը նույն ճակատի fronton-ի corniche-ն է, որուն մեջ բարձրաքանդակ գարդագրերով արձանագրված է։ Թիվ 12 լուսանկարը հյուսիսային ճակատի corniche-ի մասն է, որուն ստորին անկյունին վրա քանդակված է մի աղավնի: Այս վերջին երեք պատկերները կղրկեմ՝ կարծելով որ Դուք, թերևս չունիք այնքան խոշոր նկարված, ինչ որ իմ թելեօպժեքթիֆով ես նկարեցե։

Այս տարվան համար Հառիճի աշխատանքս ընդհատելով վերադարձա Արդիկ գյուղը, որ առ առավելն երեք վերստ դեպի արևմուտք կր գտնվի Հառիճի վանքեն։ Այստեղ գտածներս արդեն անսպասելի էին: Երեք հատ պատկառելի հնություններ VII դարեն